ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ և արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը:

Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլևս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք ժողովրդի ռազմավարություններն են:

Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկուկես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխվել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում և այլն:

Նշված ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչև 55 հասցնելն է:

Հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարևորել նաև ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում