ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը նշեց.
«Հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածով Կառավարությանը տրված է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները հաստատելու լիազորություն։
Փորձնական ծրագիրն առաջարկվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը՝ որոշմամբ նշված սննդամթերքի, մասնավորապես՝ հրուշակեղենի կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար։ Ծրագրի իրականացման լիազոր մարմինը ՊԵԿ-ն է։
ՊԵԿ-ը ծրագրի ավարտից հետո 10-օրյա ժամկետում փորձնական ծրագրի գնահատման արդյունքները ներկայացնում է վարչապետի աշխատակազմ։
Նշեմ, որ չզեկուցվող փաթեթում ներառված էին Կառավարության ևս հինգ որոշում, որոնցով նույնպես սահմանվում են դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Դրանցում ներառված են հետևյալ ապրանքային խմբերը՝ բժշկական արտադրատեսակներ, դեղագործական արտադրանք, բժշկական պարագաներ և սարքավորումներ, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ, ավտոպահեստամասեր և անվադողեր, պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ և հեծանիվներ, բնական մորթուց հագուստ և պարագաներ։
Փորձնական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա փորձնական փուլի ընթացքում փորձարկել դրոշմավորման մեխանիզմներն ու համակարգի ֆունկցիոնալությունը և կատարելագործել գործընթացները։
Համակարգային և երկարաժամկետ արդյունքները պետության համար կլինեն ստվերային տնտեսության նվազեցումը, բիզնես միջավայրի թափանցիկության բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, իրական ժամանակում վիճակագրական տվյալների ստացումը և ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացումը։
Բիզնեսի համար՝ ազնիվ մրցակցության ապահովումը, ստվերի կրճատման հաշվին ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառության և արտահանման պարզեցումը՝ ամբողջ ԵԱՏՄ-ում միասնական դրոշմապիտակի ձևի կիրառմամբ։
Սպառողների համար՝ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակումը, քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանությունը»,- նշեց Վրեժ Մխիթարյանը։










