Հոկտեմբերի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են Festival della Diplomazia-ի կողմից կազմակերպված «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը։
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարները։

Իր ելույթում դեսպան Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։
Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։
Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին։









