Նոյեմբերին Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր եռակողմ բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցը կարող է լուծվել միայն պետությունների ղեկավարների մակարդակով, իսկ բանակի թվաքանակի սահմանափակումները և Ուկրաինայի չեզոքությունը «քննարկման ենթակա չեն»: «Մեր անվտանգության երաշխիքները մերն են և ռուսական կողմը չի կարող դրանք թելադրել», - ասել է Զելենսկին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա նաև հավելել է, որ Ուկրաինան համաձայն չէ ամերիկյան կողմի առաջարկած տարածքների փոխանակման տարբերակին:
Զելենսկու խոսքով՝ Կիևի համար կարևոր է, որ նոյեմբերին եռակողմ բանակցություններում կողմերը քննարկեն առաջնորդների մակարդակով նոր հանդիպման հնարավորությունը:
Ուկրաինայի նախագահը նաև առանձին զգուշացրել է գործընկերներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վաղաժամ չեղարկման մասին մինչև Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացումը:
Նոյեմբերի բանակցություններում, ըստ Զելենսկու, Կիևը մտադիր է բարձրացնել մի քանի առանցքային հարց, ներառյալ էներգետիկ հրադադարը և կրակի դադարեցումը Սև ծովում:
Նախօրեին Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել վերսկսել ուղիղ բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ:
Ավելի վաղ Մոսկվան հանդիպման հնարավոր վայր էր առաջարկել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, իսկ դրա անցկացման մոտավոր ժամկետը ՝ նոյեմբերի կեսը: Այս մասին ռուսական կողմը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին՝ հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։









