Համագործակցության հեռանկարներ՝ նորաձևության ոլորտում

Համագործակցության հեռանկարներ՝ նորաձևության ոլորտում

Երևանում անցկացվում է «Նորաձևության շաբաթ 2026» ծրագիրը՝ «Վարդագույն քաղաք՝ Երևան» խորագրի ներքո։ Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է նաև Fashion Scout Armenia 2026 երիտասարդ դիզայներների մրցանակաբաշխությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա» կազմակերպության ղեկավար Մասսիմիլիանո Ջիորնետիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի պաշտոնական բացման առիթով, որը կայացել է հոկտեմբերի 8-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ «Հին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ ցուցահանդեսի բացմամբ։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, հատկապես՝ ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսանկյունից», - ասել է նախարարը՝ ընդգծելով նաև կրթական բաղադրիչի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախարարության աջակցությամբ իրականացվող Fashion Scout Armenia մրցույթին, նշել է, որ այն հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ է ստեղծում՝ խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը: Մրցույթին ներկայացվել է 75 հայտ, ցուցադրվել է 8-ը, որոնցից ընտրվել է 3 հաղթող:

Մասսիմիլիանո Ջիորնետին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով, որ նորաձևությունը միայն դիզայն չէ. այն և՛ մշակույթ է, և՛ ժառանգություն, և՛ ինքնություն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԿԳՄՍ նախարարության և «Պոլիմոդայի» համագործակցությամբ կրթական ծրագիր իրականացնելու ձևաչափը, այն Հայաստանի մի քանի բուհերում ներդնելու հնարավորությունները։ Հատկապես կարևորվել է կրթական ծրագրում մշակութային ժառանգության բաղադրիչի շեշտադրումը։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ստեղծարար երիտասարդների ներգրավմամբ զարդերի արտադրությանը, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդմանը և ձեռներեցության խթանմանն ուղղված հեռանկարները։ Կողմերը նախանշել են ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունն ու հնարավոր համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ հուշագրի տեսքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում