Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները. Նիկոլ Փաշինյան

Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները. Նիկոլ Փաշինյան

Քննիչ հանձնաժողովի հետ կապված՝ ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մի ֆունդամենտալ հարցի։ Հայաստանի Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Հիմա ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրն ու առաքելությունն այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր մենք չունենանք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ստեղծված Քննիչ հանձնաժողովի գործունեության մեխանիզմներին։

«Ես կարող եմ երեք հիմնական ուղղություն ասել, որոնցով, իմ կարծիքով, պետք է քննիչ հանձնաժողովն աշխատի։

  1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ժողովական սկզբունքը պետք է երաշխավորվի։ Ի՞նչ է ժողովական սկզբունքը. էլի ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա. եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները՝ հոգևոր դասի ներկայացուցիչները, և Հայաստանում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական խորհուրդները և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են, և իրենց լիազորություններն իրականացնելու մեխանիզմներ կան։

  2. Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը, կամ, ավելի ճիշտ, հոգևոր ծառայողները պետք է հնարավորություն ունենան և պետք է ներառված լինեն ՀՀ-ում գործող սոցիալական երաշխիքների համակարգում։ Այսօր քահանան չի կարող իր եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել, չնայած Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր այդ ծրագրից օգտվում են։ Առողջության ապահովագրության համընդհանուր համակարգից իրենք չեն կարող օգտվել, որովհետև իրենք այդ համակարգի մեջ չկան։

  3. Պետք է հստակ՝ եկեղեցին ինքը, ոչ թե Կառավարությունը, ոչ թե ԱԺ-ն, այլ եկեղեցին ինքը՝ հոգևոր դասը, պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի, որովհետև այսօր էլ եկեղեցին ունի, իմիջիայլոց, կանոնագիրք, բայց այդ կանոնագիրքը 1700 տարի անընդհատ լրացվել, փոխվել է։ Հիմա, ինչ հոդվածի մատնացույց եք անում, ասում են՝ դա հնացած է։ Շատ լավ, ո՞րն է նորացվածը։ Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները, ընդհուպ նաև կուսակրոնության հետ կապված հարցերով։ Իրենք՝ Ազգային եկեղեցական ժողովը կամ եպիսկոպոսաց ժողովը, թող առաջարկն անեն՝ ուզում են կուսակրոնության ինստիտուտը պահել՝ շատ լավ, ամենայն հարգանքով, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ որ ընդունեն, պետք է լինեն մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ ընդունված կանոնները կպահպանվեն, և չպահպանվելու դեպքում կհետևի համապատասխան հետևանք։ Սրա մասին է խոսքը»,- նշեց վարչապետը։

Այսօր հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր, և եթե իրենք ուզում են հերքել, թող հերքեն։ Իրենք չեն հերքում, բայց ո՞վ է վիճարկում այդ փաստը։ Ես այդ փաստի վիճարկում չեմ տեսել, հակառակը՝ ընդդիմությունն ասում է՝ պետք է լինեն հարցեր, որոնք պատասխան չունեն։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, այսինքն՝ ԴՆԹ անալիզի անհրաժեշտություն չկա։ Մարդիկ չեն հերքում, ի՞նչ ԴՆԹ անալիզ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում