ԼԼուսինե Մուրադյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին առնչվող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին առնչվող նախագիծը

Ազգային ժողովը նոյեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այն խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են։ Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենքներից հանել ոչ արդիական որոշ դրույթներ։

«Տարբեր օրենքներում առկա խնդիրները կարելի է բաժանել երեք հիմնական մասի։ Առաջինը՝ օրենքների մի մասում սահմանվում է այս կամ այն իրավական ակտը կամ որևէ տեղեկատվություն հրապարակման համար գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմնին ուղարկելու պարտադիր պահանջ, որն այլևս արդիական չէ։

Մյուսը՝ Տեղեկագրում այդ իրավական ակտերը տեղադրելու պարտադիր պահանջ է սահմանված՝ միաժամանակ դրանց ուժի մեջ մտնելը կապելով նաև ակտերը պաշտոնական Տեղեկագրում հրապարակելու հետ, այնինչ պաշտոնական Տեղեկագիրը տարիներ շարունակ այլևս արդիական չէ, քանի որ իրավական ակտերի հրապարակումն ու ուժի մեջ մտնելն իրականացվում են Arlis.am կայքի միջոցով։

Նաև որոշ օրենքներ պարունակում են հղումներ այնպիսի օրենքների, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, օրինակ՝ «Իրավական ակտերի մասին»՝ 2018 թվականին ուժը կորցրած ճանաչված օրենքին հղումներ ունենք տարբեր օրենսդրական ակտերում»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ առաջարկվող փոփոխությունները կապ ունե՞ն նոր Սահմանադրության ընդունման համար հնարավոր հանրաքվեի հետ։

Տիգրան Դադունցը պարզաբանեց՝ օրենսդրական նախաձեռնությունը քաղաքական գործընթացների հետ ուղիղ կապ չունի, համընկել է, բայց եթե նույնիսկ համեմատական տարվի, ապա շատ ավելի լավ է, որ թարմացումներ են արվում, և օրենսդրությունը համապատասխանեցվում է արդի իրավական կարգավորումներին, որպեսզի եթե ապագայում լինեն նման հանրաքվեներ, դրանք իրականացվեն գործող օրենսդրությանը համապատասխան։

«Այսինքն՝ չնայած մեր կողմից մշակված նախագիծն ուղիղ կապ չունի, բայց տրամաբանական է, որ հետագայում կարող է օգնել, լինի դա թե՛ հանրաքվե, թե՛ տեղական հանրաքվե, որպեսզի իրականացվեն արդի իրավական կարգավորումներին համապատասխան»,- ասաց փոխնախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում