Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ֆեդերացիան և Academy 365-ը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի հեռանկարային պատանի բասկետբոլիստների բացահայտմանն ու զարգացմանը։
Academy 365-ն ԱՄՆ-ում արդեն երկար տարիներ գործող Academy USA-ի ներկայացուցիչը կլինի Հայաստանում և կնպաստի հայկական բասկետբոլի զարգացման ծրագրերին:
Ծրագիրը համակարգելու համար Հայաստան է ժամանել սերբ փորձառու մասնագետ Վլադիմիր Ռադովանովիչը։ Նա աշխատելու է մինչև 12, 14 և 16 տարեկան բասկետբոլիստների հետ՝ սելեկցիայի միջոցով ձևավորելով հեռանկարային խաղացողների խմբեր և անցկացնելով լրացուցիչ անհատական ու թիմային մարզումներ։
Ռադովանովիչը կայցելի նաև մարզադպրոցներ և ակումբներ՝ նոր տաղանդներ բացահայտելու և փորձը տեղացի մարզիչների հետ կիսելու նպատակով։
Նախաձեռնությունը ներառում է նաև երիտասարդ մարզիչների պատրաստում, ծրագրեր Հայաստանի մարզերում, իսկ հետագայում՝ լավագույն խաղացողների մասնակցություն միջազգային մրցաշարերի։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և Academy 365-ի գործակցության նպատակը մեկն է՝ բացահայտել տաղանդը, զարգացնել ներուժը և պատանի բասկետբոլիստների համար ստեղծել ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ բասկետբոլ։
։










