Բաքուն անընդունելի է որակել Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումը Կյուրմյուքի տաճարի հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անընդունելի է որակել Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի դիրքորոշումը Ադրբեջանի Գախի շրջանում գտնվող Սուրբ Գեորգիի՝ Կյուրմյուք տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Վրաստանի պատրիարքարանը սեպտեմբերի 24-ին մտահոգություն էր հայտնել տաճարում և դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների կապակցությամբ։ Պատրիարքարանը նշել էր, որ ադրբեջանական համապատասխան պետական կառույցներից աշխատանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ստացել, և պահանջել էր պարզել դրանց բնույթը, նպատակն ու հիմքերը, ինչպես նաև գործընթացում ներգրավել վրացի մասնագետների։
Վրացական կողմի հայտարարության համաձայն՝ Կյուրմյուքի տաճարը, թեև գտնվում է Ադրբեջանի տարածքում, Վրաստանի և Վրաց ուղղափառ եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևոր հուշարձան է։ Պատրիարքարանը նաև նշել էր, որ տաճարի և հարակից տարածքի նկատմամբ ցանկացած միջամտություն պահանջում է հատուկ ուշադրություն։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրացական պատրիարքարանի հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն։ Բաքուն նաև անընդունելի է համարել Ադրբեջանի տարածքում գտնվող օբյեկտների համար այլ աշխարհագրական կամ պատմական անվանումների օգտագործումը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ պատրիարքարանի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում հստակ չէ, իսկ հայտարարության որոշ ձևակերպումներ, ըստ Բաքվի, պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հատկանիշներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրոնական կառույցներին կոչ է արել խուսափել այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններին։
Կյուրմյուք տաճարը գտնվում է Ադրբեջանի Գախի շրջանում։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում և վրացական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում ու լուսանկարներում երևում են տաճարի ներսում և դրա շուրջ իրականացվող աշխատանքներ, այդ թվում՝ հիմքի փորման աշխատանքներ։
Տաճարի պատմական և մշակութային պատկանելիության հարցում ադրբեջանական և վրացական կողմերի մոտեցումները տարբերվում են։ Ադրբեջանն այն կապում է կովկասյան աղվանական ժառանգության հետ, մինչդեռ Վրաց Ուղղափառ Եկեղեցին տաճարը դիտարկում է որպես վրացական պատմական և հոգևոր ժառանգության մաս։
Դիտումներ123









