Վրաստանի պատրիարքարանը երկրի իշխանություններին մեղադրել է խաղատների համար հարկային արտոնությունները հապճեպ ընդունելու համար։ Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն քննադատել է խորհրդարանի կողմից փոփոխությունների ընդունումը, որոնք խաղատներում միջազգային մրցաշարերի կազմակերպիչներին ազատում են որոշակի հարկային պարտավորություններից։
Նրա խոսքով՝ խորհրդարանն օրինագիծն ընդունել է արագացված ռեժիմով՝ ընդամենը երկու օրում՝ ժամանակ չթողնելով հանրային քննարկումների համար։
Պատրիարքարանից ընդգծել են, որ երկրում խաղային բիզնեսի հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, իսկ խաղամոլությունը պահանջում է խիստ սահմանափակումներ ու վերականգնողական միջոցառումներ իրականացնել։
Եկեղեցու և քաղաքացիական հատվածի դժգոհության ֆոնին ընդդիմությունն արդեն հանդես է եկել ազարտային խաղերին Վրաստանի քաղաքացիների մասնակցության ամբողջական արգելք սահմանելու նախաձեռնությամբ։










