Նոյեմբերի 8-ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, ամենայն հավանականությամբ, Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Այզենկոտին կառավարություն կազմավորելու մանդատ կտա։
Կառավարության կազմավորման շուրջ ներքաղաքական լուրջ իրավիճակի ֆոնին Israel Hayom պարբերականի մեկնաբան Շայ Գալն անդրադարձել է Իսրայել-Թուրքիա և Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին։ Նա «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը, որը պայմանավորում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, գնահատել է որպես Բաքվի՝ որոշումներ կայացնելու իրավունքի սահմանափակում և Ալիևի կառավարությանը հորդորել, որ նվազեցնի Անկարայի հետ քաղաքական կոորդինացիայի աստիճանը։
Իսրայելցի քաղաքական մեկնաբանը Իլհամ Ալիևին հորդորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սահմանափակել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, քանի որ, ինչպես նա է ձևակերպել, Ադրբեջանը չպետք է պատմական պատասխանատվություն կիսի։ Շայ Գալը միաժամանակ Ադրբեջանին խորհուրդ է տվել Կիպրոսի հյուսիսի թուրքական կազմավորման միջազգային ճանաչման հարցում Թուրքիային չաջակցել։ Փոխարենը նա առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների հետ։ Իսրայելցի վերլուծաբանի ամենաուշագրավ դիտարկումը, թերևս, այն է, որ նա Ադրբեջանին առաջարկում է միանալ Իսրայել-Հունաստան-Կիպրոս պաշտպանական և էներգետիկ համագործակցությանը՝ դրանում Հայաստանի ներգրավվածությամբ։
Ընդ որում, նա պնդել է, որ դա հնարավոր է, եթե Բաքուն հանդես գա որպես Անկարայից անկախ դերակատար։ Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Ադրբեջանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Բայրամովի և Կոմբոսի հանդիպումը։ Դա կողմերի միջև այդ մակարդակի առաջին շփումն էր, որի արդյունքում նրանք պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 23-ին, Բաքու է այցելել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Israel Hayom-ի մեկնաբանն Ադրբեջանին հորդորել է աջակցել իսրայելա-հնդկաստանյան IMEC ծրագրին, որը ենթադրում է Պարսից ծոցի երկրները կապել Հնդկաստանի, ինչպես նաև Եվրամիության հետ։
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Բաքու։ Թեև թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն այն քարոզչական նպատակներով ներկայացնում են որպես «հաղթանակի տոնակատարությանը մասնակցություն», ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան քննարկման ավելի բարդ օրակարգ ունեն, քան ներկայացվում է «հիջաբի արգելքի» շուրջ տարաձայնությունների համատեքստում։
Բարդ է ասել, թե Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ինչ ուղեգիծ կորդեգրի Իսրայելի կառավարությունը, եթե այն կազմավորի Այզենկոտը, բայց, կարծես, պարզ է, որ Թել Ավիվի համար թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հետագա սերտաճումը, մեղմ ասած, անցանկալի է։
Վահրամ Աթանեսյան









