Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են անցկացրել: Օրակարգում են եղել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը, ինչպես նաև եվրոպական անվտանգության նոր ռազմավարությունը։ Կիևի բանակցային խմբի ղեկավար Ռուստեմ Ումերովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար սկզբունքային նշանակություն ունի անվտանգային ոլորտում հնարավոր համաձայնությունների արդյունավետությունը։
Բրյուսելյան բանակցությունները մեկնաբանել է Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները՝ դրանք որակելով արդյունավետ և բովանդակալից: Նրա խոսքով՝ կողմերի նպատակն է փոխհամաձայնեցված գործողությունների միջոցով հասցեագրել անվտանգային բոլոր մտահոգությունները՝ նվազեցնելով հակամարտության կրկնության ռիսկը։ Քուշները նշել է, որ Աբու Դաբիում բանակցություններին ընդառաջ Վաշինգտոնն աշխատում է հակամարտության կողմերի հետ՝ մշակելու «լուրջ առաջարկներ», որոնք քննարկումները կդարձնեն առավել արդյունավետ։
«Ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է բանագնացը: Քուշները չի բացառել, որ Վաշինգտոնի մասնակցությամբ բանակցություններին ինչ-որ պահից կմիանա նաև Եվրոպան:
Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Բրյուսելում կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել, կարևոր է, որ ամեն ինչ հստակ ամրագրվի թղթի վրա: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ հարցերը կքննարկվեն նաև նոյեմբերի 10–11-ն Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան աշխատանքային բանակցություններում: Միևնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են ուկրաինական բոլոր էլեկտրակայանները, ամենաբարդ վիճակը ստեղծվել է Կիևի մարզում և մայրաքաղաքում:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունում դեմոկրատների հաղթանակը: Զելենսկու խոսքով՝ դա կարող է նպաստել Կիևին ամերիկյան աջակցության ավելացմանը:










