Ոչ, չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել․ մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա։ Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը գործնականում սկսե՞լ է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստություն, և արդյոք կա՞ գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ։
«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք նաև, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես նախկինում ասել եմ, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք հանրաքվե անցկացնել։ Որպեսզի մենք այդ հարցով հանրաքվե անցկացնենք և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է նրան, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք»,- նշեց նա։













