Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հանդիպումներ ենք ունենում։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել, վաղն էլ կունենամ։ Հանդիպումներ կլինեն երկուշաբթի, երեքշաբթի։ Բայց նրանք, կարծում եմ, ցանկանում են կարգավորել հակամարտությունը։ Կարծում եմ, որ դա շատ մեծ համաձայնագիր կլինի, որը կազդի ամբողջ Եվրոպայի վրա»,– ասել է Թրամփը։
Նա հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները միասին ամսական կազմում են 25 հազար մարդ, և նշել է, որ ցանկանում է վերջ դնել սպանություններին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, Թրամփը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնացի հետ՝ Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառումից հետո, որին մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը կարծիք էր հայտնել, որ մոտ ժամանակներս կարող է համաձայնագիր կնքվել։










