ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 9-ի համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմին նախատեսվել է 605 մլն դրամ։ Աշխատակազմը ծրագրավորել է իրականացնել 10 մլն 165 հազար դրամի կապիտալ ծախսեր։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ աշխատակազմի համար հիմնական հատկացումները նախատեսված են «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագրի երկու միջոցառում իրականացնելու համար։ Դրանցից գլխավորը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է։ Պաշտպանն ընդգծել է, որ ի տարբերություն շատ այլ պետական հաստատությունների՝ իրենց հատկացվող բյուջեն այնքան էլ մեծ չէ և նախատեսված չէ շատ մեծ միջոցառումների համար։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն իրենց հաստատությունը գնահատել է որպես անկախության և վստահելիության ամենաբարձր կարգավիճակ ունեցող կառույցներից մեկը։ Նա հավելել է, որ ՄԻՊ գրասենյակն ակտիվ փոխգործակցություն է ծավալում միջազգային կառույցների հետ։ Նա հույս է հայտնել, որ ապագայում ծրագրերի ու նման մանդատների իրականացման հիմնական ֆինանսավորումը կհատկացվի պետական բյուջեից, ինչը չափազանց կարևոր դերակատարում ունի։ Նշվել է, որ էական աճ է գրանցվել կառույցի գործունեության թե՛ արդյունավետության, թե՛ դիմելիության տեսանկյունից։ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ստացված 17.985 գրավոր և բանավոր դիմում-բողոքների համեմատ՝ 2026 թվականի նույն օրվա դրությամբ այդ թիվը հասել է 19.465-ի։
Նշվել է, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ սպասարկված «թեժ գծի» 11.935 զանգի համեմատ՝ 2026 թվականին գրանցվել է 17.280 զանգ։ Տարեկան կտրվածքով ավելացել է նաև տրամադրված խորհրդատվությունների թիվը՝ 5118-ից հասնելով 6211-ի։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ դիմելիության աճին էապես նպաստել է դրական լուծում ստացած գործերի ցուցանիշը․ եթե 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ դրական լուծում էր ստացել 1183 գործ, ապա 2026 թվականին այդ թիվը դարձել է 1643։
Իրականացվել է շուրջ 212 այց տարբեր հաստատություններ, ինչպես նաև տարվել են հանրային իրազեկման ծավալուն աշխատանքներ․ կազմակերպվել է մոտ 180 իրազեկման միջոցառում, որից 50-ը վերաբերել է երեխաներին և նրանց իրավունքների պաշտպանությանը։
Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։










