Սամվել Կարապետյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

Սամվել Կարապետյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն նա հայտնել է, որ ՌԴ-ում է և չի կարող ներկայանալ, բացի դրանից՝ օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Նշենք, գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի եղբորորդու և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին։

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ս.Կարապետյանի 28-ամյա զարմիկը՝ Նարեկ Կարապետյանը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019 թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, երիտասարդը, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Ն.Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի շորթումը։

Գործարար Վահե Պարազյանը մեղադրանքներ է հնչեցնում Սամվել Կարապետյանի վերաբերյալ՝ նշելով, թե նա խլել է իրենց բիզնեսը։ Ըստ գործարարի՝ Կարապետյանը, օգտագործելով իր կապերը ՌԴ իրավապահների շրջանում, սնանկացրել է իր մրցակիցներին, որի արդյունքում վերջիններս արտագաղթել են Հայաստան: Պարազյանի խոսքով՝ Կարապետյանները նրան Հայաստանում էլ են գտել ու 10 միլիոն եվրոյի հաշիվ ներկայացրել։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով Սամվել Կարապետյանին հարցաքննելու ցուցում էր տվել դատախազությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում