Վերջին 5 տարիների արդյունքներով արձանագրել ենք միջինում 7,6 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

Վերջին 5 տարիների արդյունքներով արձանագրել ենք միջինում 7,6 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարևորեց 2021-2026 թթ. իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ներկայացրեց բյուջեի աճի թիրախների և հարկեր-ՀՆԱ-ի մասին մանրամասներ:

Նրա խոսքով՝ վերջին 5 տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7,6 տոկոս տնտեսական աճ:

«Ես ուրախ եմ, որ ՀՆԱ 5,4 տոկոս աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ: 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 4,8 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5,3 տոկոսով՝ կազմելով 295042  դրամ:

2024-ի արդյունքներով՝ աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 21,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը 1,1 տոկոսից նվազել է 0,6 տոկոսի»,- նշեց ֆինանսների նախարարը՝ հայտնելով, որ նվազել է նաև անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցը՝ գտնվելով վերջին տարիների համեմատ ցածր մակարդակում:

Հովհաննիսյանը հույս հայտնեց՝ այս միտումները կպահպանվեն՝ հատելով բարեկեցության ներկա սահմանները և նպաստելով հասարակության բարօրությանը: 

Ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, ասաց՝ այն նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը, 2025-ի 5,5 տոկոսի դիմաց՝ միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8 տոկոս:

«Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում՝ միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50 տոկոսին մոտ շրջանակում»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©