ԿԳՄՍ նախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր

ԿԳՄՍ նախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման մեծ ներուժը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը ևս կարևորել է երկկողմ կապերի զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։

Կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ուսանողների թվի աճով և պատրաստ է քննարկել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ գիտական դրամաշնորհային ծրագրերին արտերկրի հետազոտողների մասնակցության հնարավորությունները՝ առաջարկելով դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային համագործակցությանը՝ կարևորելով երկու երկրների թանգարանների միջև ուղիղ կապերի զարգացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:

Ընդգծվել է նաև կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հնդկաստանի համապատասխան կառույցների միջև ընթացող քննարկումներին։ Կարևորվել են համատեղ կինոնախագծերի իրականացումը և մասնագիտական փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հարուստ փորձն ու Հայաստանի համար ոլորտի զարգացման առաջնահերթությունը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանում անցկացվող Տեսալսողական և ժամանցային արդյունաբերության համաշխարհային գագաթնաժողովին (WAVES) Հայաստանի մասնակցության համար և կարևորել հայկական կողմի ներգրավվածությունը նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառմանը։

Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ նշելով, որ այս շրջանակում ցուցահանդեսներ, համերգներ և այլ մշակութային ծրագրեր են նախատեսվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում