ԱԱսպրամ Սարատիկյան

Վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում. ոստիկանություն

Վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում. ոստիկանություն

Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։

 

Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն է դարձել ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ։ 
 

Կենտրոնում ներդրված լուծումները համատեղում են ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքային հարմարավետ պայմանները: «Կենտրոնում տեղադրված սեղանները բարձրացվող են, ինչը հնարավորություն է տալիս 24 ժամվա լարված աշխատանքի ընթացքում, երբ ժամանակ չենք ունենում սրահից երկար բացակայել, կանգնած աշխատել, թեթևացնում է ֆիզիկական լարվածությունը և ավելի հարմար է։ Եվս մեկ առավելություն են ձայնամեկուսիչ ապակիները, ինչը թույլ է տալիս զանգի ընթացքում խուսափել ավելորդ աղմուկից և ավելի արագ սպասարկել ահազանգը»,- ներկայացնում է Կենտրոնի օպերատոր Մելանյա Սարուխանյանը:

 

Ծրագրային նոր լուծումների և ներդրված տեխնիկական նորագույն համակարգերի շնորհիվ Կենտրոնի ծառայողները անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն 24-ժամյա ռեժիմով ուղիղ միացումով հետևելու պարեկային ծառայության կարգախմբերի աշխատանքին։
 

Կապի համակարգերի և ծրագրային նոր լուծումների շնորհիվ Կենտրոնի անձնակազմը շուտով կկարողանա օպերատիվ իրավիճակը վերահսկել նաև թռչնի թռիչքի բարձրությունից։

 

ՕԿԿ կարգախմբերի կառավարման բաժնի պետ Արման Գևորգյանի խոսքով՝«Դրոնների միջոցով հնարավոր է լինելու հետևել խցանումներին, գտնել դրանց պատճառական կապերը և պարեկային կարգախմբեր ուղարկել խցանման վայր։ Հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և հետախուզվող տրանսպորտային միջոցներին հետապնդելու, հետևելու զանգվածային միջոցառումներին»։

 

Անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Կենտրոնի ծառայողները կկարողանան կատարել նույնականացում և ստացված տեսապատկերն անմիջապես փոխանցել պարեկային կարգախմբերին՝ էապես բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը։

 

«Դրոնների կիրառումը լավ հնարավորություն է ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ արագ արձագանքման առումով։ Տեսադիտարկման դաշտը տեղափոխվելու է տեսապատ։ Նախկինում տեսապատ չի եղել. նոր գործակված Կենտրոնում է տեսապատը, որում երևում է այդ պահի դրությամբ ահազանգերի քանակը, քանի կարգախումբ է ուղարկվել, քանի կարգախումբ է ազատ»,- ներկայացնում է Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը:

 

Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները՝ արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։
 

Խոսքի և լսողության սահմանափակում ունեցող անձինք հնարավորություն կունենան պատահարների և իրավախախտումների մասին հաղորդել տեսաձայնագրության հավելվածի միջոցով։

 

Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակաբար արդիականացվում է, իսկ ներդրվող գործառույթների ու քաղաքացիակենտրոն մոտեցումների նպատակը առավել հասանելի լինելն ու արագ արձագանք ապահովելն է։

 
Մանրամասները՝ տեսանյութում:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում