ՆՆորայր Շողիկյան

570 գ սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք՝ Երևանում. 36-ամյա տղամարդը կալանավորվել է

570 գ սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք՝ Երևանում. 36-ամյա տղամարդը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024 թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42-ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 36-ամյա բնակիչը, որն զբաղվում է բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ, 2024 թ. մարտի 30-ին իր համագյուղացի 42-ամյա տղամարդու հետ, վերջինիս պատկանող և որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոմիտաս 7 հասցեին հարակից հատված, ապա, շահադիտական դրդումներով, ինքնությունը չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և նույն նպատակով իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 570,81 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այն իր հետ ապօրինի տեղափոխելով՝ նույն տաքսով ուղևորվել է Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի մեկ այլ հասցեում գտնվող ռեստորանի դիմացի հատված, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

36-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:              
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:

Կատարվել են խուզարկություններ, հետաքննության մարմնին հանձնարարություններ են տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալված 42-ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում