ԳԳոհար Սարգսյան

Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է

Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Լիտվայի և Լատվիայի Ներքին գործերի նախարարությունների պատվիրակությանը՝ Լիտվայի ՆԳ նախարարությանը կից հանրային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Նա կարևորել է հանրային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Առունաս Պաուլաուսկասը նշել է, որ համագործակցության շնորհիվ արդեն իսկ կան դրական արդյունքներ, որոնք պետք է ամրացնել և զարգացնել։

Լատվիայի պետական ոստիկանության հասարակական կարգի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Անսիս Պումպուրսը կարևորել է ՆԳ նախարարությունների աշխատակիցների փոխայցերն ու փորձի փոխանակումը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, մասնավորապես՝ պարեկային ծառայության կայացմանը, քրեական և համայնքային ոստիկանությունների, ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Փետրվարի 27-ին ՆԳՆ ոստիկանության զորքերում պատվիրակությունը հյուրընկալվել է ղեկավար կազմին։ Ողջունելով հյուրերին՝ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը նշել, որ աշխատանքային այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-լիտվական և հայ-լատվիական իրավապահ համակարգերի փոխգործակցության օրակարգին, քննարկելու այն ընդլայնելու հնարավորությունները:

Լիտվացի և լատվիացի գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու աշխատանքային համագործակցությունը։ Հանդիպումից հետո, շրջայցի ընթացքում, հյուրերը ծանոթացել են Ոստիկանության զորքերի շենքային պայմաններին և առկա տեխնիկական հնարավորություններին:

Լիտվացի և լատվիացի գործընկերներին օպերատիվ լսարանում տեսանյութերով ներկայացվել է Ոստիկանության զորքերի օպերատիվ-մարտավարական գործունեությունը։ Հյուրերը նույնպես ներկայացրել են իրենց գործունեության առանցքային ուղղությունները։

Այցի հաջորդ օրը պատվիրակությունը ծանոթացել է նաև Ոստիկանության զորքերի սպառազինությանը, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկային։ Այնուհետև Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է Ոստիկանության զորքերի մարտական ուղին, իսկ թանգարանում նրանք ծանոթացել են կառույցի ստեղծման, ձևավորման և կայացման պատմությանը:

Այցի երրորդ օրը պատվիրակության անդամներն այցելել են Ոստիկանության զորքերի զորամասերից մեկը: Մասնագիտական հարցերին, իրավիճակային խնդիրներին և դրանց լուծանը վերաբերող հարցերի քննարկումից հետո լիտվացի և լատվիացի գործընկերները դիտել են զորքի հանդերձանքի և գործողությունների ցուցադրությունը։

Ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաև Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբն ու նվագախումբը: Այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկավել է նաև ՆԳՆ կրթահամալիրում։ Հյուրերին դիմավորել են Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ղեկավար կազմը։ Հյուրերը ծանոթացել են ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին և առաքելությանը։ Ներկայացվել են իրականացվող բարեփոխումները և առաջիկա ծրագրերը։ Ընդգծվել է ձևավորման փուլում գտնվող Ոստիկանության գվարդիայի ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև օրենսդրական և պրակտիկ լուծումների ընթացքն ու տեսլականը։

Հյուրերը նույնպես ներկայացրել են նշված ոլորտներում Լիտվայի և Լատվիայի փորձը, ծառայությունների ձևավորման ընթացքը։ Պատվիրակության անդամները շրջել են կրթահամալիրի տարածքում, այցելել կրիմինալիստիկայի հատուկ լսարաններ, փորձակայան, դեպքի վայրի զննության վիրտուալ լսարան, ֆիզիկական պատրաստականության դահլիճներ և ոստիկանության թանգարան։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում