Մեր հարևանների հետ չունենք որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

Պետք է ճնշում գործադրել Իլհամ Ալիև վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջա-փակումը, Թվիթերի միկրոբլոգում նման կոչ է հրապարակել ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանում ժողովրդավարական ակտիվիստների վրա հարձակումներին՝ դրանք անընդունելի համարելով։ Հոլենը անհրաժեշտ է համարել Ալիևի վրա ճնշումը՝ նաև քաղաքական այլախոհների նկատմամբ հաշվեհարդարը դադարեցնելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: 

ԼՂ-ՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱԼԻԵՎՆ Է. ՕԿԱՄՊՈ

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատասխանատուն Իլհամ Ալիևն է՝ ասված է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցում:

Օկամպոն, այնուհանդերձ, մտահոգություն է հայտնել՝ ներկայումս չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել Իլհամ Ալիևի հանցագործությունները:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը խոչընդոտում է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պետք է ճանաչվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն:

Օկամպոյի խոսքով՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենք է, և առանց իրավիճակի արմատական փոփոխությունների՝ Լեռնային Ղարաբաղի հայերին մի քանի շաբաթից ոչնչացում է սպառնում։ Փորձագետը հավելել է, որ ստեղծված իրավիճակը 1915 թվականի շարունակությունն է:

Զեկույցում նշվում է, որ վիճելի հարցերը պետք է լուծվեն մինչև 2025 թվականը, քանի որ դրանից հետո Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերում:

ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉՈՒՆԵՆՔ ՉԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐ. ԷՐԴՈՂԱՆ

Ռեջեփ Էրդողանը Անկարայում մասնակցել է Հանրապետության դեսպանների 14-րդ համաժողովին։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել: Նա ընդգծել է՝ Թուրքիան վերջին տարիներին դարձել է միջազգային կարևոր խաղացող, որի յուրաքանչյուր քայլին հետևում են։

«Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում իրադարձություններին՝ առաջնորդվելով Թուրքիայի շահով և օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները, կոշտ և փափուկ ուժի տարրերը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ երկրի ուժերը կշարունակեն հակաահաբեկչական գործողությունները՝ Սիրիա և Իրաք փախստականների կամավոր վերադարձն արագացնելու համար։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Էրդողանը նշել է, որ ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան հանդես է եկել որպես հակամարտության կարգավորմանը ներգրավված առանցքային երկիր:

«Մենք այլևս չենք ցանկանում արյուն ու արցունք տեսնել: Պատերազմի ընդլայնումը դեպի Սև ծովի ավազան աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Խստորեն պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիան՝ մենք թույլ չտվեցինք, որ ողբերգությունը տարածվի»,- ասել է Էրդողանը։շ

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է իր հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության գոտի ձևավորել: «Այդ ճանապարհին մեր ամենակարևոր երկու գործիքներն են լինելու երկխոսությունը և դիվանագիտությունը:

Մենք չենք ձգտում որևէ մեկի հետ կռվել կամ թշնամությունը մեծացնել։ Ընդհակառակը՝ մեր խնդիրն է ավելացնել մեր բարեկամների թիվը։ Մենք որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ, չունենք որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել»,- նշել է Թուրքիայի նախագահը։

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ F-16-ԵՐԻ ՀԱՄԱՐ

Ջո Բայդենը թույլատրել է, որ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվեն և սովորեն օգտվել F-16 կործանիչներից: Պենտագոնի տվյալով՝ ուսուցման գործընթացը ղեկավարում են Դանիան և Նիդերլանդները։

Ավելի վաղ Մոսկվան, արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին, զգուշացրել էր՝ Ուկրաինային այդ կործանիչների փոխանցումը Ռուսաստանը կդիտարկի որպես միջուկային ոլորտի սպառնալիք։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման վտանգ են ստեղծում:

ՄՈՍԿՎԱՅԻ ՄՈՏ ԵՐԿՈՒ ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ

Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել:

«Մեկը Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- մանրամասնել է Սերգեյ Սոբյանինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողմից Մոսկվայի մարզի տարածքի թիրախավորումը ահաբեկչական հարձակման փորձ է: Գերատեսչության տվյալով՝ զոհեր և ավերածություններ չկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում