Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում։ Ամերիկյան կողմը հանդես է գալու որպես միջնորդ, բանակցությունները լինելու են աշխատանքային մակարդակով։
Ուիթքոֆը հայտնել է, որ կենտրոնանալու են «հետպատերազմյան շրջանում անվտանգային միջոցառումների, դեէսկալացիայի, հումանիտար ջանքերի և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա»։
Բացի դրանից՝ ամերիկացի բանակցողներն այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հետպատերազմյան շրջանում Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնման տնտեսական հնարավորությունները»։
«Ակնկալում ենք զարգացնել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացը՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի, որն ամուր անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար»,– եզրափակել է Ուիթքոֆը։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ եռակողմ բանակցություններում Սպիտակ տան պատվիրակությունը կգլխավորեն Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Մանրամասները՝ տեսաշարում։













