Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակի հանդիսավոր արարողությանը։
Դիմելով Կիրիլ պատրիարքին՝ արքեպիսկոպոս Թեոդորոսն ասել է․ «Դուք գիտեք, որ Վրաց ուղղափառ եկեղեցում մենք միշտ պաշտպանել ենք և այսուհետ էլ պաշտպանելու ենք կանոնական իրավունքը։ Մեզ համար անընդունելի է ճանաչել մեկին, ով ձեռնադրություն չունի, և մենք չենք տրվի որևէ ճնշման»։
Թեև Վրաստանի պատրիարքարանը չի հաստատում, որ Թեոդորոսի հայտարարությունը վերաբերում է Ուկրաինայի եկեղեցու ինքնավարության ճանաչման հարցում Վրաց եկեղեցու դիրքորոշմանը, վրացական մամուլում իշխող տպավորությունն այն է, որ նա ՌՈՒԵ-ի հովվապետին հավաստիացրել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել ուկրաինական եկեղեցու ինքնավարությունը։
Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ երեց Անդրիա Ջաղմաիձեն հայտնել է, որ զրուցել է Թեոդորոս սրբազանի հետ, և վերջինս պարզաբանել է, որ «ընդհանուր առմամբ խոսքն այն մասին էր, որ վերջին շրջանում Ուղղափառ եկեղեցու միասնությանը որոշակի ցավոտ հարցեր են ավելացել»։
Ըստ Ջաղմաիձեի՝ այդ հայտարարության մեջ Ուկրաինան հիշատակված չէ․ «Կարող են լինել մասնավոր կարծիքներ, բայց եթե Սինոդը չի քննարկել այդ հարցը, ոչ ոք չի կարող խոսել Վրաց եկեղեցու վերաբերմունքի մասին»։
Նա նաև հերքել է, որ Հունաց Տիեզերական պատրիարքարանի կողմից ճնշում է գործադրվում Վրաստանի պատրիարքարանի վրա՝ Ուկրաինայի ինքնավարությունը ճանաչելու նպատակով։
Ռուս և Վրաց ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները քաղաքական համատեքստ ունեն երկու առումով։ Չնայած պաշտոնական Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը՝ ՌՈՒԵ-ն այդ կազմավորումները շարունակում է ճանաչել որպես ՎՈՒԵ-ի կանոնական տարածք։
Այս փաստը Վրաց ուղղափառ եկեղեցուն թույլ է տալիս Մոսկվայի պատրիարքարանի հետ հարաբերությունները վրացական հանրությանը ներկայացնել որպես Վրաստանի հոգևոր-քաղաքակրթական ամբողջության պահպանման գործոն։ Քաղաքական երկրորդ համատեքստն արդեն ուղղակիորեն առնչվում է Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին։ Ռուսիո պատրիարքի հոբելյանի արարողությունը ժամանակային առումով համընկել է ՌԴ և Վրաստանի փոխարտգործնախարարներ Գալուզինի և Զուրաբիշվիլիի հանդիպմանը, որը կայացել է Մինսկում։ Նրանք պայմանավորվել են, որ ուղիղ երկխոսությունը կլինի պարբերական։
Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը վերականգնելու և պարբերական դարձնելու հարցում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության կողմից սուր քննադատության են արժանանում։ Վրաց ուղղափառ եկեղեցին հանրային բավական բարձր հեղինակություն ունի, և նրա չափավոր-պահպանողական դիրքորոշումը Վրաստանի իշխանությունների համար կարևոր է։ Այդուհանդերձ, դժվար է կանխատեսել, թե Աբխազիայի և Հարավային Օսիայի կանոնական տարածքի հարցում Մոսկվայի պատրիարքարանը որքան հետևողական կգտնվի, կամ այդ դիրքորոշումը որքանով կնպաստի նախկին ինքնավարությունների նկատմամբ Վրաստանի ինքնիշխանության վերահաստատմանը։
Վահրամ Աթանեսյան









