ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Հայցի հիմքում Նիկողոսյանի՝ հոկտեմբերի 29-30-ին ընդունած որոշումներն էին, որոնցով պաշտոններից ազատվել էին «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի տեղակալն ու երեք բնակավայրերի վարչական ղեկավարները։
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, հետևաբար չեն կարող գնահատվել որպես նախընտրական քարոզչության կարգի խախտում՝ անկախ դրանց իրավաչափությունից։
Նոյեմբերի 23-ին հրապարակված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։








