ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպության քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների նշանակումը կասեցնելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ հայկական կողմն արդեն երրորդ տարին է՝ ակտիվ մասնակցություն չունի կառույցում, թեև ներկա է եղել ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների բոլոր հանդիպումներին:
«Ռուսաստանն է ներկայացրել որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ։ Խոսքը անդամավճարների և կառույցի գործունեությանը փաստացի չմասնակցելու մասին է»,- մանրամասնել է Թալաթբեկ Մասադիկովը:
25-րդ հոդվածում նշվում է, որ անդամավճարները երկու տարվա ընթացքում չվճարելու դեպքում երկիրը զրկվում է ձայնի իրավունքից, իսկ նրա քաղաքացիներին արգելվում է առաջադրել ղեկավար պաշտոնների՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ:
«Մենք վաղուց մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամությունը սառեցրել ենք: Մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում», - նշել է Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսաշարում:













