Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները։ Զրույցը նախաձեռնել են Օսլոն և Հելսինկին։ Անդրադարձ է եղել առաջիկա օրերին Աբու Դաբիում սպասվող ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին, որոնց մասնակցելու է նաև ամերիկյան կողմը։ Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ զրույցը անկեղծ է եղել։
«Մեր երկրները սահմանակից են Ռուսաստանին։ Այս պատերազմի ելքն ուղղակիորեն կազդի մեր և ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Պատերազմը դադարեցնելու համար ուղիղ բանակցություններ են պետք», - նշել է Ալեքսանդր Ստուբը։
Ֆինլանդական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Յոնաս Գար Ստյորեն և Ալեքսանդր Ստուբը Պուտինի հետ զրույցում խոսել են իրենց երկրների, այլ ոչ թե ամբողջ Եվրոպայի անունից։ «Երկու պետություններն էլ շահագրգռված են Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հեռավոր Հյուսիսում կայունությամբ ու կանխատեսելիությամբ։ Այս թեման նույնպես քննարկվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Ստուբն ու Ստյորեն նաև ընդգծել են, որ շարունակելու են աջակցել Ուկրաինային։ Հաղորդագրություն է տարածել նաև ռուսական կողմը։ Կրեմլից նշել են, որ երեք երկրի ղեկավարներն, ի թիվս այլնի, անդրադարձել են Պուտինի և Սպիտակ տան բանագնացի վերջին հանդիպմանը։
«Կողմերը ողջունել են բանակցությունները վերսկսելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այդ քննարկումները, ի թիվս այլնի, կենտրոնանալու են ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա», - նշում են Կրեմլից։
Պուտինը հավելել է, որ արդար և երկարատև խաղաղության հասնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե լիովին և անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական շահերը։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները։
Այնուհետև Ստուբը և Ստյորեն զրուցել են Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինի հետ զրույցում ընդգծել են, որ էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները պետք է դադարեցվեն։
Մանրամասները՝ տեսաշարում։










