ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մեկնաբանել է Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որ ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում դիտարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ավելի լայն եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։
Եվրոպական կողմը շեշտում է՝ եթե հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքվի, դրա շրջանակում եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի կարող վերանայվել։ Նաև այդ փաստաթղթով պետք է երաշխավորվի, որ Ռուսաստանը չի վերազինվի և կրկին չի հարձակվի։
«Մենք արդեն ունենք անվտանգության համակարգ, խնդիրն այն է, որ Ռուսաստանը մշտապես խախտում է այն պայմանագրերը, որոնց վրա հիմնված է այդ ճարտարապետությունը։ ՆԱՏՕ-ն 2021 թվականին սպառնալիք չէր ներկայացնում Ռուսաստանի համար, և այսօր էլ սպառնալիք չէ»,– ընդգծել է Կալլասը։ Նրա ձևակերպմամբ՝ Վլադիմիր Պուտինը եվրոպական անվտանգության հետ կապված հարցերում վետոյի իրավունք չունի, իսկ Ուկրաինան պետք է լիովին ինտեգրվի եվրոպական անվտանգության ճարտարապետությանը։ Կալլասը հավելել է, որ Ուկրաինայի հարցով տարվող բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը։











