Մոսկվան նաև պետք է ընդունի, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է. Պոդոլյակ

ԴԴիանա Գասպարյան

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցանկացած տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և հուսով է, որ Բաքուն ու Երևանը կկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվան օգնում է վիճելի հարցերում փոխզիջումային հավասարակշռված լուծումներ գտնել, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին»,- նշել է Գալուզինը, պնդել՝ Մոսկվայում օրերս կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը:

Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան միջնորդական ջանքեր է գործադրում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններին համապատասխան: Նրա խոսքով՝ հենց այդ փաստաթղթերն են ընկած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում:

«Խաղաղության պայմանագրից բացի՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը»,- եզրափակել է պաշտոնյան:

ԳԱԼՈՒԶԻՆԸ ՆՇԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին: Գալուզինի խոսքով՝ Ուկրաինայում հնարավոր կլինի խաղաղության հասնել, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու գաղափարից և վերադառնա չեզոք ոչ բլոկային կարգավիճակին:

«Կարգավորման մասով Մոսկվայի մոտեցումներն անփոփոխ են՝ Դոնբասի բնակիչների պաշտպանություն, Ուկրաինայի դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա, այդ երկրի տարածքից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների վերացում»,- մանրամասնել է պաշտոնյան:

Գալուզինը նաև նշել է՝ Ուկրաինայի Զինված ուժերը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, Արևմուտքն այլևս զենք չմատակարարի Կիևին, Ռուսաստանի նոր սուբյեկտները պետք է ճանաչվեն, իսկ Ռուսերենի պետական կարգավիճակն ամրագրվի օրենսդրական մակարդակով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է խաղաղության հաստատելու՝ Մոսկվայի պահանջներին։ Միխայլո Պոդոլյակը, ի պատասխան, ներկայացրել է Կիևի բանաձևը՝ ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում Ուկրաինայի ինքնիշխան տարածքից, ռազմական հանցագործների և պատերազմի հեղինակների արտահանձնում, Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտու ստեղծում՝ հարձակողական սպառազինությունների կրճատմամբ, Ռուսաստանի միջուկային զինանոցի վերահսկողություն, Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցում: «Մոսկվան նաև պետք է ընդունի, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, և հետխորհրդային երկրներն ունեն ինքնիշխանության իրավունք»,- հավելել է Պոդոլյակը:

ԴԱՆԻԼՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ԿԻԵՎԻ՝ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հերքել է լուրերն այն մասին, որ Կիևն արդեն սկսել է հակահարձակումը: Նա ընդգծել է, որ ռուսական կառավարման կենտրոնների և տեխնիկայի ոչնչացումն Ուկրաինայի օդուժի խնդիրն է եղել դեռ 2022 թվականի փետրվարի 24-ից։

«Հակահարձակումը կարող է սկսվել վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից։ Դա տեղի կունենա, երբ հրամանատարները որոշեն, որ նման քայլն արդյունավետ կլինի պատերազմի այս փուլում»,- հավելել է Դանիլովը:

Մինչ այդ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական կողմի հարձակողական ակտիվությունը նվազել է, թեժ մարտեր չեն ընթանում, սակայն հրետակոծությունը շարունակվում է: Աննա Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերի վերահսկում են Բախմուտի հարավ-արևմտյան տարածքները:

ԱՆԿԱՐԱՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԻՆ. ՌԴ ԱԳՆ

Անկարայի կողմից Կիևին զինտեխնիկայի մատակարարումները հակասում են հրադադար հաստատելու՝ Թուրքիայի մտադրություններին՝ RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենը։

«Անկարան բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում զինադադար ապահովել և միջնորդել բանակցային գործընթացի վերսկսմանը: Իհարկե, Կիևի ռեժիմին զենք տրամադրելով՝ Անկարան հակասում է սեփական խոսքերին»,- նշել է Յուրի Փիլիպսոնը։

Գործակալությունը հավելում է, որ Թուրքիան Ուկրաինային դեռ 2018 թվականից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր է մակատակարարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում