Մեծ յոթնյակը Չինաստանին կոչ է արել ճնշում գործադրել ՌԴ վրա

ԴԴիանա Գասպարյան

Յոթի խմբի առաջնորդները Հիրոշիմայի գագաթնաժողովի մասնակիցները եզրափակիչ կոմյունիկե են ընդունել, պատրաստակամություն հայտնել կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ՝ հաշվի առնելով G7-ի երկրների ազգային շահերը: Ղեկավարներն ընդգծել են, որ Յոթնյակը չի ձգտում վնասել Չինաստանին և խոչընդոտել նրա տնտեսական զարգացումը։ Նրանք նաև կարևորել են Թայվանի նեղուցում կայունության ապահովումը և հավատարմություն հայտնել «մեկ Չինաստանի» քաղաքականությունը: G7-ի երկրները կոչ են արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա պատերազմը դադարեցնելու և ռուսական զորքերը Ուկրաինայից դուրս բերելու համար:

«Մեծ յոթնյակի» ղեկավարները հաստատել են, որ կշարունակեն Ուկրաինային «դիվանագիտական, ֆինանսական, հումանիտար և ռազմական» աջակցությունը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի և այդ երկրին աջակցողների դեմ:

Յոթի խումբը նաև մտադիր է աշխատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ պայքարելու տարածաշրջանային մարտահրավերների, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների դեմ։

Առաջնորդները վերահաստատել են առևտրային և էներգետիկ կապերն ամրապնդելու, տրանսպորտային, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագծերին աջակցելու մտադրությունը: Գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման օգտին:

Յոթնյակի խմբի ղեկավարները գագաթնաժողովի փակմանն ընդառաջ նաև ընդունել են գագաթնաժողովին հրավիրված երկրների՝ Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Կուկի կղզիների, Բրազիլիայի և Կոմորյան կղզիների միության ղեկավարներին:

ՀԻՐՈՇԻՄԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հիրոշիմայում ընթացող Յոթի խմբի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննարկել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը:

«Ղեկավարները ողջունել են G7-ի համախմբվածությունը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Չինաստանից եկող տնտեսական սպառնալիքի հարցերում»,-ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Սունակն ու Մակրոնը նաև ընդգծել էն առաջընթացը Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա անօրինական ներգաղթի դեմ պայքարում:

Սունակը հանդիպում է ունեցել նաև Հիրոշիմայում գտնվող Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կողմերը քննարկել են Կիևին հետագա ռազմական աջակցությունը:

Նույն թեմայի շուրջ Ուկրաինայի նախագահը բանակցություններ է վարել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ: Զելենսկին ընդգծել է ՀՕՊ համակարգերի հզորացման և ուկրաինացի օդաչուների ուսուցման անհրաժեշտությունը։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի նախագահը քննարկումներ է անցկացրել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԵՆ. ՄԻՇՈՒՍՏԻՆ

Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում և նոր սուբյեկտների տարածքներում մի քանի հազար պաշտպանական կառույցներ ամբողջությամբ կահավորվել են՝ հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Միջոցներ են հատկացվել հատուկ տեխնիկական ծածկույթի կազմակերպման համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և հակազդման միջոցների ձեռքբերման համար»,- ասել է Միշուստինը ՌԴ Զինված ուժերի կարիքների ապահովման համակարգող խորհրդի նիստում:

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Հունաստանում ավարտվել է նախընտրական քարոզարշավը, խորհրդարանի ընտրություններում հիմնական մրցակիցներն անցկացրել են վերջին հանրահավաքները:

Գործող վարչապետ, աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հանրահավաք է անցկացրել Աթենքում՝ Ակրոպոլիսի ֆոնին: Նա ընտրողներից ևս չորս տարի է խնդրել, որպեսզի շարունակի «նոր և բարգավաճ Հունաստանի կառուցումը»:

Ելույթ ունենալով երկրի մեծությամբ երրորդ Պատրաս քաղաքում՝ «ՍԻՐԻԶԱ» ձախ արմատական կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն էլ կոչ է արել աջակցել երկրում փոփոխություններին և կառավարության ղեկավարի պաշտոնում իրեն ևս մեկ հնարավորություն տալ: Ցիպրասը 2015-2019 թվականը զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը:

Հունաստանում խորհրդարանի ընտրությունը կանցկացվի մայիսի 21-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում