Հացահատիկի գործարքի դադարեցումը կհանգեցնի պարենային գների աճի. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, անցկացվում են Բելառուսի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերի համատեղ զորավարժությունները՝ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները «Վագների» ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն։ Լեհական կողմը հայտարարել է, որ ի պատասխան՝ հավելյալ ուժեր կտեղակայի Բելառուսի հետ սահմանին: Պաշտոնական Վարշավան բելառուսական բանակի և «Վագների» համատեղ զորավարժությունն ակնհայտ սադրանք է որակել։ 

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ապագայում բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել սևծովյան նախաձեռնությունից Մոսկվայի դուրս գալուց հետո հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այն շարունակելու հնարավորությունը։

«Նախաձեռնության դադարեցումը ոչ միայն կհանգեցնի աշխարհում պարենային ապրանքների համաշխարհային գների աճի, այլև կարող է սովի և միգրացիայի նոր ալիքի պատճառ դառնալ»,- նշել է Ռեջեփ Էրդողանը, հավելել՝ չեն հապաղի ու նոր նախաձեռնություններ կմշակեն, որ սևծովյան միջանցքն անվտանգ գործարկվի:
Թուրքիայի ղեկավարը նաև կոչ է արել Արևմուտքին արձագանքել Մոսկվայի պահանջներին և մտահոգություններին, որոնց պատճառով ռուսական կողմը դուրս է եկել հացահատիկի գործարքից:

Էրդողանն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ընդգծել՝ Անկարան կհաստատի Ստոկհոլմի հայտը, եթե շվեդական կողմը բավարարի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի ակնկալիքները:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին: Վադիմ Պրիստայկոն ավելի վաղ «անառողջ սարկազմ» էր անվանել Ուկրաինայի նախագահի խոսքը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի մասին։ Դեսպանը կարծիք էր հայտնել, որ Կիևը և Լոնդոնը չպետք է ցույց տան, որ տարաձայնություններ ունեն։

Բեն Ուոլեսը հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել էր, որ արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից ռազմական մատակարարումների համար, այլ ոչ քննադատություններ՝ Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրումը արագացված ընթացակարգով չհաստատելու համար:

Զելենսկին, ի պատասխան, նշել էր՝ «Կիևը միշտ էլ երախտապարտ է եղել: Պարզապես չգիտեմ՝ էլ ինչպե՛ս կարող ենք երախտագիտություն հայտնել, ուկրաինացիները կարող են ամեն առավոտ արթնանալ ու շնորհակալություն հայտնել նախարարին»,- ասել էր նախագահը։

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հրաժարական է ներկայացրել։ Նա հայտարարել է, որ այդպիսով իր անհամաձայնությունն է հայտնում մշակույթի ոլորտին ֆինանսական հատկացումների կրճատմանը: Տկաչենկոն մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունը վերջին շրջանում երկրորդ պլան է մղել մշակույթը: Սակայն, նրա խոսքով, պատերազմի ժամանակ մշակույթը շատ ավելի կարևոր է:

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր վարչապետ Դենիս Շմիհալին՝ դիտարկելու մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման կրճատման և Տկաչենկոյին նախարարի պաշտոնից հեռացնելու հարցը: Ուկրաինայի նախագահը նշել էր՝ մշակույթը միշտ էլ կարևոր է, սակայն հիմա պետական ռեսուրսները պետք է ուղղվեն երկրի պաշտպանությանը:

ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ԵՆ
Բախմուտում ծանր մարտեր են: Համաձայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ երկրի պաշտպանական ուժերը Բախմուտի ուղղությամբ շարունակում են հարձակողական գործողությունները: Կողմերի զբաղեցրած դիրքերը հիմնականում չեն փոխվել, սակայն, գլխավոր շտաբի տվյալով, ուկրաինական կողմը որոշակի առաջընթաց ունի:

«Հակառակորդը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս, բայց նաև կորուստներ է կրում»,- հավելել է պաշտոնյան։

Ակտիվ մարտեր են նաև Կուպյանսկի, Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում