Իրավիճակը ՌԴ-ում. Պրիգոժինի և Պուտինի հայտարարությունները

ԴԴիանա Գասպարյան

Հունիսի 23-ի երեկոյան «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարեց՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրթիռային հարվածներ է հասցրել մասնավոր ռազմական ընկերության ճամբարներին: «Բազմաթիվ զոհեր կան: Հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Պրիգոժինը` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը շատ չանցած արձագանքել է՝ նշելով՝ Պրիգոժինի անունից տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են: Նախարարությունից նաև հայտնել են, որ ուկրաինական կողմը օգտվել է իրավիճակից և Բախմուտի ուղղությամբ հարձակողական գործողություն է նախապատրաստում: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ զինված ապստամբության կոչերի համար անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել։

Վաղ առավոտյան արդեն Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին:

Եվգենի Պրիգոժին («Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար) - Մեր վերահսկողության տակ է նաև օդանավակայանը: Դա արվում է, որ ավիացիան հարվածներ հասցնի ոչ թե «Վագներին», այլ ուկրաինացիներին: Գլխավոր հրամանատարական շտաբը աշխատում է բնականոն ռեժիմով:

Դոնի Ռոստովում` Հարավային ռազմական օկրուգի շտաբում էլ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի ու Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ բանակցությունների ժամանակ Պրիգոժինը պահանջել է «Վագներին» հանձնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ հակառակ դեպքում խոստացել է շարժվել դեպի մայրաքաղաք։

ՌԴ ՊՆ-ն հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ և «Վագների» մարտիկներին ուղղված կոչով.

«Ձեզ խաբեությամբ ներգրավել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ: Ձեր ընկերներից շատերն արդեն օգնություն են խնդրել՝ ապահովելու նրանց վերադարձը մշտական տեղակայման կետեր: Դիմեք պաշտպանության նախարարությանը կամ իրավապահ մարմիններին. երաշխավորում ենք ձեր անվտանգությունը»:

Ավելի ուշ լուրեր են տարածվել, որ «Վագների» մարտիկները ռազմական օբյեկտներ են գրավել նաև Վորոնեժում, խոցել ընկերության շարասյան ուղղությամբ կրակ բացած ռուսական ուղղաթիռը: Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը տեղեկացրել է, որ Վորոնեժի նավթաբազայում վառելիքի պահեստարան է այրվում։

Մի շարք ԶԼՄ-ներ էլ հայտնել են, որ տասնյակ ռուս զինծառայողներ և անվտանգության աշխատակիցներ հրաժարվել են խոչընդոտել «Վագների» առաջխաղացումը և վայր են դրել զենքը:

ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ՌԴ-ՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ԿՐԿՆՎԻ. ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Ժողովրդին ուղերձով է դիմել Վլադիմիր Պուտինը:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) -  «Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, զինվորականներին, իրավապահ մարմիններին և նրանց, ում խաբեությամբ ու սպառնալիքներով դրդել են զինված ապստամբության: Ռուսաստանն այսօր ծանր պայքար է մղում իր ապագայի համար։ Գործնականում՝ մեր դեմ է ուղղված Արևմուտքի ամբողջ ռազմական, տնտեսական և տեղեկատվական մեքենան։ Հիմա հարկավոր է, որ բոլորը համախմբվեն: Մեր միասնությունը պառակտող ցանկացած գործողություն հարված է մեջքից: Հենց այդպիսի հարված հասցվեց Ռուսաստանին 1917 թվականին: Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի:

Իսկ այն, ինչին հիմա բախվում ենք, դավաճանություն է։ Ամբիցիաներն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության:

Պուտինը նաև տեղեկացրել է, որ այժմ հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում։

Վլադիմիր Պուտին - «Դոնի Ռոստովում իրավիճակը բարդ է, քաղաքացիական և ռազմական մարմինների աշխատանքը խափանված է։

Մեր պատասխանը կոշտ է լինելու։ Բոլոր նրանք, ովքեր բռնել են դավաճանության, շանտաժի ու ահաբեկչության ուղին, զինված ապստամբություն են նախապատրաստել` պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ»։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԽԱԼՎԵԼ Է. ՊՐԻԳՈԺԻՆ

Պրիգոժինն արձագանքել է Վլադիմիր Պուտինի ելույթին:

Եվգենի Պրիգոժին - Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է: Մենք հայրենասերներ ենք, պայքարել ենք և պայքարելու ենք։ Նախագահի կամ Անվտանգության դաշնային ծառայության պահանջով չենք պատրաստվում հանձնվել, քանի որ չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել խաբեության, կոռուպցիայի և բյուրոկրատիայի պայմաններում։ Երբ մեզ ասացին, որ պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, մենք գնացինք կռվելու, բայց պարզվեց, որ զինամթերքը, սպառազինությունը, դրանց համար նախատեսված գումարը գողանում են: Մեզ հակադրվողներն այն մարդիկ են, որոնք հավաքվել են տականքների շուրջ:

ԿԻԵՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ «ՎԱԳՆԵՐԻ» ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ

Կիևը ևս մեկնաբանել է Մոսկվայի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության միջև պայքարը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ «ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն, և որպես արդյունք` պաշտպանվում է նրանցից, ում զինել է»:

«Որքան երկար Ռուսաստանն իր զորքը և վարձկաններին թողնի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս ու ցավ կստանա սեփական երկրում»։

«Ռուսաստանի ղեկավարության դեմ այս ապստամբությունը քաղաքացիական պատերազմի սկիզբ է», - նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:

«Ուկրաինական հակահարձակման մեկնարկը վերջնականապես ապակայունացրեց ռուսական էլիտաներին՝ խորացնելով ներքին պառակտումը»։

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Իսկ Արևմուտքը հետևում է: Եվրահանձնաժողովը տեղի ունեցածը անվանել է Ռուսաստանի ներքին գործը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի խոսքով էլ՝ սա վերջին շրջանում Ռուսաստանի անվտանգությանն ամենամեծ սպառնալիքն է: Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները ևս ուշադիր հետևում են Ռուսաստանում զարգացումներին։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է. ՏՈԿԱԵՎ

Զուգահեռ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի հետ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն հայտնել Ռուսաստանի ղեկավարության գործողություններին: Կրեմլի ղեկավարը զրուցել է նաև Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետ: Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցածը Ռուսաստանի ներքին գործն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում