Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ է դրական քայլերի. Չավուշօղլու

ԴԴիանա Գասպարյան

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈւ

Անկարան պատրաստ է դրական քայլերի Հայաստանի հետ հարաբերություններում, եթե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Ադրբեջանը համապարփակ խաղաղության համաձայնագիր է նախաձեռնել, եթե Հայաստանն ասի «այո՛», ապա այն շատ շուտով կստորագրվի: Թուրքիան էլ որոշակի քայլեր կանի այս իրավիճակում: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Նա հավելել է՝ Անկարան դրական է գնահատում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ հայկական կողմի վերջին հայտարարությունները:

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԻ. ՊԵՍԿՈՎ

Առկա զարգացումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն նաև երեք երկրի փոխվարչապետները:

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Նրանք կհանդիպեն հաջորդ շաբաթ` Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ Բոլոր հարցերը վերջնականացնելու խնդիր դրված չէ, քանի որ գլխավոր նպատակն արդյունքն է, և ժամանակի հետևից ոչ ոք ընկած չէ: Այնպես որ, հիմա դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ամսաթիվը: Չնայած՝ երեկ էլ ասվեց, որ հանգամանքները մեծապես փոխվել են, և այդ փոփոխված հանգամանքները թույլ են տալիս մտածել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կրեմլի խոսնակը հավելել է՝ կարևոր է, որ կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների փոխըմբռնումը, թե ինչպես լուծել առկա խնդիրները:

«Հետևաբար, աշխատանքային մակարդակում այլևս չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն», - եզրափակել է Պեսկովը:

ՄԻԼԼԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունները մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

«ԱՄՆ-ը ներկայացված չէր Մոսկվայում կայացած հանդիպմանը, սակայն այս թեման մեզ համար մնում է առաջնահերթություն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մեթյու Միլլերը։

Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում ընդունեց կողմերին և նա կշարունակի ներգրավված մնալ։ Դրանից հետո քննարկումներ անցկացվեցին Բրյուսելում: Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ավելի վաղ ասել ենք՝ հավատացած ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ

Ուկրաինայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։

«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք իրացնել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության ողջ ներուժը՝ փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում»,- նշվում է Վոլոդիմիր Զելենսկիի ուղերձում։

Նա ընդգծել է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանն ու Ուկրաինան վստահորեն քայլում են անկախության ճանապարհով։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բաքվի հետևողական դիրքորոշման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության աջակցելու համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Կիևի հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծել է Զելենսկին։

ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով ձերբակալված շիա ակտիվիստների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի նախագահական նստավայրի առջև: Ցուցարարների խոսքով՝ կալանավորված ակտիվիստներն անմեղ են և պետք է ազատ արձակվեն:

Վերջին ամիսներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են շուրջ 200 շիա ակտիվիստի՝ նրանց մեղադրելով Իրանի հատուկ ծառայությունների հետ ենթադրյալ կապերի համար;

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Սերբիայի զինված ուժերը հանրապետության նախագահի հրամանով բերվել են մարտական պատրաստության վիճակի։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ալեքսանդր Վուչիչը զինված ուժերին հրամայել է շտապ շարժվել դեպի Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական սահման, քանի որ, նրա խոսքով, Կոսովոյի վարչապետ Ալբինա Կուրտիի հատուկ նշանակության ուժերը բռնություն են կիրառում Զվեջանի, Զուբին Պոտոկի և Լեպոսավիչի սերբ բնակչության նկատմամբ: Վուչիչը նաև դիմել է ՆԱՏՕ-ին՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել։

Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքով քաղաքապետ է ընտրվել ալբանացի Էրդեն Ատիչը:

Կոսովոյի իրավապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են գրանցվել, ոստիկանները արցունքաբեր գազ, պայթուցիկներ և ջրցան մեքենաներ են կիրառել: Կան տուժածներ: Սերբական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում բնակվող սերբերը սկսել են բարիկադներ կառուցել՝ պաշտպանելու վարչական շենքերը, որոնք, լրատվամիջոցների տվյալով, Կոսովոյի անվտանգության ուժերը փորձում են գրավել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում