Լեռնային Ղարաբաղում իրավիճակն էլ ավելի է սրվում. Մենենդես

ԴԴիանա Գասպարյան

ԱԼԻԵՎԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ

Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը խաղաղության պայմանագրի տեքստում ընդգրկելու ցանկացած փորձ ոչ կառուցողական է։

Ալիևը նաև հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարել՝ եթե Հայաստանը կառուցողական մոտեցում չցուցաբերի, Բաքվի և Երևանի միջև խաղաղություն չի հաստատվի:

«Մենք, դիվանագիտությունից բացի, այլ միջոցներ չենք պատրաստվում ձեռնարկել: Սակայն խաղաղություն և հաղորդակցություններ չեն լինի: Հայաստանը պարզապես կրկին կմեկուսացվի»,- ընդգծել է Ալիևը:

ԼՂ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ. ՄԵՆԵՆԴԵՍ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին ոչ օպերատիվ արձագանքելու համար: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն էլ ավելի է սրվում, քանի որ արցախցիները հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ:

Մենենդեսը հարց է ուղղել Սամանթա Փաուերին՝ արդյոք Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրված 40 մլն դոլար օգնությունից բաժին կհասնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խոցելի համայնքներին, որոնք փորձում են հաղթահարել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները:

Փաուերը հստակ պատասխան չի հնչեցրել, սակայն նշել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը տարածաշրջանում կարիքների գնահատման երկու առաքելություն է իրականացրել, և խոստացել գնահատման արդյունքները փոխանցել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

ԿՐԵՄԼԸ ԿԻԵՎԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Կիևը գիշերը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հետ է մղվել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Դրանց անկման հետևանքով զոհեր և նյութական վնասներ չկան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով», - ասված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը միջադեպը ահաբեկչության փորձ է որակել:

«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս հարվածին՝ որտեղ և երբ նպատակահարմար համարի», - հավելել են Կրեմլից։

Պետդումայի խոսնակն էլ հայտարարել է, որ նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը հարձակում է Ռուսաստանի վրա։ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ Արևմուտքը պետք է հասկանա, որ «Զելենսկի ռեժիմին զենք տրամադրելով՝ դարձել է ահաբեկչական գործունեության անմիջական մեղսակից»։

Վոլոդինը հավելել է՝ Զելենսկիի հետ բանակցություններ չեն կարող լինել:

Ուկրաինական կողմն արձագանքել է. Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ չեն հարձակվել ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Մոսկվայի վրա: Նախագահի աշխատակազմից էլ նշել են, որ տեղի ունեցածը Մոսկվային հիմք է տալիս արդարացնելու իր հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա:

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ անօդաչու սարքերի հայտնվելը Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներում կամ Կրեմլի տարածքում կարող է վկայել միայն տեղական դիմադրության ուժերի ընդհատակյա աշխատանքի մասին։

ՄԱՅԻՍԻ 3-Ի ԳԻՇԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Մայիսի 3-ի գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել։ Մայրաքաղաքում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը 26 հարվածային անօդաչու թռչող սարք են կիրառել, որոնցից 21-ը ոչնչացվել է: Երեք անօդաչու սարք հարվածել է Կրոպիվնիցկիի նավթային պահեստին։ Հարվածներ են եղել նաև Խերսոնի ուղղությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ:

ՍԵՐԲԻԱՅՈՒՄ 14-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԿՐԱԿԵԼ Է ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Սերբիայի իրավապահները ձերբակալել են 14-ամյա տղայի, որը կրակել է համադասարանցիների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադի դպրոցներից մեկում: Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 9 զոհի և 7 վիրավորի մասին:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հրաձգության հետևանքով մահացել են նաև դպրոցի անվտանգության աշխատակիցը և ուսուցչուհին:

Նշվում է, որ տղան ուսումնական հաստատություն է եկել երկու ատրճանակով և մոլոտովի կոկտեյլներով։ Նախնական տվյալով՝ նա եղել է թմրանյութի ազդեցության տակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում