Մոսկվան որոշել է ոչ բարեկամական պետություններ մատակարարվող գազի դիմաց վճարումները ստանալ ռուբլով

ԴԴիանա Գասպարյան

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԵԼ ՌՈՒԲԼՈՎ. ՌԴ ՈՐՈՇՈՒՄԸ

Պաշտոնական Մոսկվան որոշում է կայացրել ոչ բարեկամական պետություններ մատակարարվող բնական գազի դիմաց վճարումները ստանալ ռուբլով։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

«Ակնհայտ է՝ թե՛ Եվրամիություն, թե՛ Միացյալ Նահանգներ մատակարարումների համար վճարումները եվրոյով և դոլարով ստանալը մեզ համար անիմաստ է»,- պարզաբանել է Կրեմլի ղեկավարը։

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը ռուսական միջազգային ակտիվները սառեցնելու որոշմամբ փաստացի դեֆոլտ է հայտարարել և գիծ քաշել իր արժույթների հուսալիության վրա։

ՌԴ-Ն ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿԴԱԴԱՐԻ ՄԻՊ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ԼԻՆԵԼ. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կդադարի Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի կողմ լինել։

Մարտի 15-ին Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Եվրոպայի խորհրդից։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը նշել էր, որ ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները կիրագործվեն, եթե չհակասեն Ռուսաստանի Սահմանադրությանը։

ՄԵԿ ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

ԵՄ 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են ռազմական աջակցության շրջանակում Խաղաղության եվրոպական հիմնադրամից 1 մլրդ եվրո հատկացումն Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Ուկրաինա զենք մատակարարելու համար արդեն հատկացվել է 500 միլիոն եվրո և նշել նույն արժեքով երկրորդ տրանշը տրամադրելու անհրաժեշտությունը։

Նշվում է նաև, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի 24-25-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Միությանն Ուկրաինայի անդամակցության հարցը։

ՌԴ-Ն ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՕԿՈՒՊԱՑՆԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ. ՊԵՍԿՈՎ

Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մի քանի օրում կավարտվեն: Սա լուրջ գործողություն է, որը լուրջ նպատակներ է հետապնդում՝ CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նպատակ չունի օկուպացնել Ուկրաինան։

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի խոսնակ) - Ռուսաստանը մինչև փետրվարի 24-ը բացառում էր Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Սակայն տեղեկություններ ստացանք, որ Կիևը պատրաստվում է Դոնբասում հարձակողական գործողություն իրականացնել։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք Վլադիմիր Պուտինը բարկացա՞ծ է ուկրաինացիների վրա, Պեսկովը պարզաբանել է․

Դմիտրի Պեսկով - Ռուսաստանի նախագահը զայրացած է Ուկրաինայում այն մարդկանց վրա, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի մաս և երկրի տարածքում ամերիկյան հրթիռներ տեղակայել, նրանց վրա, ովքեր արգելում են մարդկանց ռուսերեն խոսել։

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Քննարկումներ են անցկացվում ամենօրյա ռեժիմով։ Սա շատ բարդ գործընթաց է, երբեմն նույնիսկ՝ սկանդալային»,- նշել է նա, շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր միջնորդներին։

Ուկրաինայի նախագահին համակարծիք է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ բանակցություններում ուկրաինական կողմն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում նախկինում արված սեփական առաջարկներից։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից պահանջելու է չեղարկել հակառուսական օրենքները։

Լավրովն անդրադարձել է նաև Ռուսաստան-Արևմուտք հետագա գործակցության հնարավորությանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան այլևս երբեք չպետք է կախում ունենա արտասահմանյան մատակարարումներից, սակայն պատրաստ է գործակցելու, եթե Արևմուտքը նման ցանկություն հայտնի։

«Ռուսաստանը կուժեղանա Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ մեխանիզմների օգնությամբ»,- հավելել է նա։

Լավրովը նաև շեշտել է՝ եթե ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորամիավորում ուղարկի Ուկրաինա, դա կհանգեցնի դաշինքի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ուղիղ բախման։

ՆԱՏՕ-Ն ԶՈՐՔ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային, սակայն պատասխանատու է Ռուսաստանի հետ առճակատումը կանխելու համար, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում կկայացվի դաշինքի պաշտպանությունը հզորացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում անհրաժեշտ կլինի ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը։

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստել է տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականների և նրանց տրամադրել անհրաժեշտ միջոցներ՝ դրանք ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու համար։ Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ ՆԱՏՕ-ն իրեն հակամարտության կողմ չի համարում և զորքեր չի ուղարկի Ուկրաինա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում