ԼԼիլիթ Սեդրակյան

Իրանը և Հայաստանը համավարակի դեմ պայքարում մեծ փորձ են ձեռք բերել. Նանուշյանը՝ իրանցի պաշտոնյաներին

Իրանը և Հայաստանը համավարակի դեմ պայքարում մեծ փորձ են ձեռք բերել. Նանուշյանը՝ իրանցի պաշտոնյաներին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի, Նորարարության և բարգավաճման հիմնադրամի խորհրդի նախագահ Ալի Վահդաթի և Հայաստան ժամանած պատվիրակության այլ անդամների հետ: Իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանում են առողջապահական ոլորտի և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

 

Կողմերը խոսել են նախկինում երկրների միջև ծավալված սերտ գործակցության, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում երկկողմ աջակցության վերաբերյալ:

 

«Ուրախ եմ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցություն ծավալելու համար և այսօր այստեղ եմ իրանական ընկերությունների հստակ առաջարկներով` վերականգնողական և այլ ծառայությունների մատուցման շուրջ զրուցելու»,- ասել է Ալի Վահդաթին` հավելելով, որ հայկական պատվիրակությունը բժշկական սարքեր և դեղորայք արտադրող իրանական ընկերությունների աշխատանքին կարող է ծանոթանալ տեղում:

 

«Շնորհակալ ենք առաջարկների համար, որոնց վերաբերյալ կբանակցենք Իրանի և տեղի գործընկերների հետ: Մեր հերթին առաջարկում ենք փորձի փոխանակումներ և համատեղ աշխատանք իրականացնել Հայաստանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներում, քանի որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը համավարակի դեմ պայքարում աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել»,- նշել է Լենա Նանուշյանը:
 

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակին և այս շրջանում առավել կարևոր դարձած պատվաստանյութերի ձեռքբերմանը` Ալի Վահդաթին նշել է, որ իրանական մի քանի ընկերություններ աշխատում են պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկման 3-րդ փուլում:

 

Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ համագործակցության նախատեսվող բոլոր ուղղությունները կյանքի կկոչվեն, ինչը 2 երկրի հարաբերությունների խորացմանն ուղղված հերթական քայլը կլինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում