ԿԿարմեն Ղուկասյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

«Եթե անկեղծ լինեմ, ես ընդհանրապես չեմ հասկանում Հայաստանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված»։ Այդ մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Որովհետև եթե դուք կարդաք էն հարցերը բնագրերից, որոնց հետ կապված այս պահին բանավեճ է ընթանում, դուք կհասկանաք, որ էդտեղ ընդհանրապես քննարկման նյութ չկա, բայց դրա հետ մեկտեղ քննարկման նյութ կա էնպիսի կարևոր հարցերի հետ կապված, որտեղ, օրինակ, ես ունեմ լիքը քննադատական նկատառումներ պրոցեսի առումով։ Օրինակ՝ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք, օրինակ, պետք է այլ տրամաբանությամբ փորձենք քննարկման առարկա դարձնել և այլն»,– ասաց Մանասյանը։

Անդրադառնալով Անկախության հռչակագրի հարցի շուրջ ընդդիմության ու իշխանության բանավեճին՝ նշեց, որ եթե կարդում ենք ՀՀ Սահմանադրության նախաբանը, բայց բնագիրը, այլ ոչ թե հորինված տարբերակները, թե մեզանից ով ինչ է հիշում, ապա մեր Սահմանադրության նախաբանն ընդհանրապես հղում չի պարունակում հենց Անկախության հռչակագրին. հղում է պարունակվում բացառապես Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին։

«Հետո բացում ենք Անկախության հռչակագիրը, և երբ կարդում ես ընդհանուր առմամբ Անկախության հռչակագիրը, տեսնում ես, որ համընդհանուր գաղափարները մի քանիսն են, մինչդեռ, օրինակ, նորմեր կան, որոնք ընդհանրապես այս պահին չեն կարող որպես այդպիսին գործադրվել»,– ասաց Մանասյանը՝ ընդգծելով՝ իրոք չի հասկանում այդ բանավեճի առարկան։

«Հիմա գաղափարը հետևյալն է, հարգելի՛ գործընկերներ. Անկախության հռչակագիրը, լինի քաղաքական մեծամասնությունը, թե ընդդիմությունը, ոչ ոք չի կարողանալու ջնջել Հայաստանի պատմությունից։

Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը շատ կարևոր սիմվոլիկ փաստաթուղթ է, որը մինչև հիմա գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ։ Բայց էն հարցը, ինչի վերաբերյալ կա բանավեճ, ես վստահեցնում եմ ձեզ, անբովանդակ բանավեճ է զուտ էն առումով, թե ինչի վրա են ընդհանրապես հղումները և ինչի մասին է եղել Հայաստանի զարգացման ամբողջ պատմությունը։ Առաջարկում եմ նստել համատեղ սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանավիճում ընդհանրապես»,– հայտարարեց Անահիտ Մանասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում