Ես երևի թե այն հիմնական պաշտոնատար անձն եմ, որը պաշտոնական կարծիք է հրապարակայնորեն հայտնել պարբերաբար այն մասին, որ Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված, իրոք, ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում, և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է։ Ես սրա մասին խոսել եմ բազմիցս և հիմա էլ դրա վերաբերյալ պետք է հրապարակային խոսեմ, ինչը ենթադրում է, որ այս բնագավառում մենք շատ լուրջ բարեփոխումների կարիք ունենք։
Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի հարցին, որը հարց էր ուղղել Հայաստանում եղած խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կալանքի իրավաչափության վերաբերյալ։
Ըստ Մանասյանի՝ դա ոչ թե մի իրավիճակ է, որը հենց նոր է ծնվել, այլ դա եղել է տասնյակ տարիների ընթացքում, և ինչքան այդ հարցը բարձրաձայնվում է, այդպես էլ լուծում չի ստանում։
«Ի վերջո, այդ խնդիրը պետք է միանշանակ վերջնական լուծում ստանա։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ քրեական արդարադատության գործիքը երբեք չի գործիքայնացվում, և քրեական արդարադատության գործիքն օգտագործվում է միայն հանրային ամենաբարձր վտանգավորություն ունեցող դեպքերում։
Ես պիտի Հայաստանի մասով նշեմ, որ դարձյալ տարբեր տարիների կտրվածքով զարգացումներ շատ են եղել, բայց ես հիմա նաև շատ եմ նկատում, ընդ որում սա չի վերաբերում միայն ընդդիմադիր գործիչներին, սա վերաբերում է ընդհանրապես քրեական վարույթներին, բոլոր գործերով, որովհետև մենք շատ դեպքերում տեսնում ենք հնչեղություն ունեցող հարցերը, որովհետև դա շատ ավելի է հնարավոր տեսնելը, բայց տարբեր քրեական վարույթների ընդհանուր ձևաչափը, պրոցեսները, երբ դիտարկում ես, շատ դեպքերում հարցեր կան, որոնք միգուցե եթե օրենքը բառացի դիտարկես, այդ հարցը պետք է գնա քրեական վարույթի շրջանակներում քննարկվի, բայց բոլոր երկրներում այդ գործիքը որպես ամենավերջին տարբերակ է կիրառվում»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով՝ խնդիրը ընդհանուր է Հայաստանի տեսանկյունից։
Նրա խոսքով՝ մենք շատ պետք է մտածենք, թե քրեական արդարադատության գործիքները ինչպես պետք է կիրառենք, որովհետև եթե դրանք կիրառենք անսահմանափակ տրամաբանությամբ, Հայաստանում քաղաքացիների 99,9 տոկոսը կարող է անցնել այդ գործիքի միջով։
«Որովհետև ամեն ինչ էլ, եթե շատ ուզենաս, կարող ես բերել ու մեկնաբանել այդ պրոցեսների կոնտեքստում, մենք շատ վատ տեղ կգնանք, մոտավորապես խորհրդային տրամաբանությամբ կսկսենք ապրել, որը ճիշտ չէ, հետևաբար այս առումով ես կարծում եմ, մենք միանշանակ ունենք զարգացումների կարիք»,- ասաց ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ ինքը հիմա չի ցանկանում այստեղ դիրքորոշում արտահայտել՝ ով ինչի համար է ազատազրկված, որովհետև ինքն անձամբ թե Եկեղեցու ինքնավարության մասին, խնդիրների մասին անձամբ բարձրաձայն է խոսել ու հրապարակային։
Մանասյանը դարձյալ կրկնեց՝ իրապես Հայաստանում ազատազրկված անձանցից շատերի ազատազրկումը հարցեր է առաջացնում։










