Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք ՔԿՀ-ներում մահվան դեպքերն առնչություն ունեն քրեակատարողական հիմնարկներում առկա վատ պայմանների հետ։

«Կարծում եմ, որ ոչ»,- պատասխանեց նախարարը՝ նշելով՝ մահերի մի մասը պայմանավորված է ինքնասպանություններով, մյուս մասը՝ կոնկրետ անձանց առողջական խնդիրներով։

«Այսինքն՝ նրանք ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց հետ կապված՝ անձանց կյանքը չի հաջողվում փրկել։ Ընդ որում՝ հաճախ գործ ենք ունենում համակցված հիվանդությունների հետ, և դրանք չեն որակվում որպես կալանքի հետ անհամատեղելի»,- նշեց Գալյանը։

Նրա խոսքով՝ այս խնդիրը լուծելու համար բավական մեծ աշխատանք է արվել առողջապահության նախարարության հետ, որպեսզի վերաձևակերպվի Կառավարության 825-Ն որոշումը։

Ինչ վերաբերում է նրան, թե քանի մարդ է մահացել ՔԿՀ-ներում, հայտնեց՝ այս տարի երեք մահ ունենք։

«Երեքը դրական ցուցանիշ է՝ նախորդ բոլոր տարիների հետ համեմատած, բայց ես միշտ վախով եմ խոսում այս մասին, չեմ ուզում ասել՝ լավ է և այլն, որովհետև շատ դժվար է իրականում։ Բայց ինքնասպանությունների հետ կապված՝ «Արմավիրում» երկու խուց ենք առանձնացրել այս պահին, որոնք նախատեսված են ինքնավնասման հակում ունեցող անձանց համար»,- տեղեկացրեց նա։

Գալյանը նաև հայտնեց՝ այդ անձանց խցերը պետք է զինեն տեսախցիկներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում