ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանը շարունակում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները ոտնահարող արարքները. ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները ոտնահարող արարքները. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով): 

 

«Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները 2021 թ. հունվարի 22-ին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, իսկ դրանից առաջ` նաև ադրբեջանական դրոշներ:

 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Կապան համայնքի ղեկավարը:

 

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:

 

Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

 

Արդյունքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են:

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից.

  • Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,

  • Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,
     
  • Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,

  • ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներն արդեն մեկ ամսից ավելի է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,

  • Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,

  • Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու Հայաստանի սահմանային բնակիչների համար վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ,
     
  • Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ:

Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք):

 
Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը: Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»,-ասված է հայտարարությունում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում