ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանը 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել․ ՊԵԿ

Հայաստանը 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։

ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020 թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ:

Հարկ է նշել, որ 2020 թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսավարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է տնտեսավարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց:

Այսպիսով` այն անձինք, որոնք 2020 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ դրույքա­չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57 մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսավարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 մլրդ դրամ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում