Մետրոպոլիտենի սուբսիդիայի մասով 1 մլրդ դրամ է հատկացվում, որը չի փակում մետրոպոլիտենի ամբողջական ծախսը. Տիգրան Ավինյան

Մետրոպոլիտենի սուբսիդիայի մասով 1 մլրդ դրամ է հատկացվում, որը չի փակում մետրոպոլիտենի ամբողջական ծախսը. Տիգրան Ավինյան

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 9-ի համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2027 թվականին մայրաքաղաքին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ու ծրագրերը։

Մայրաքաղաքին ընդհանուր հատկացումները կազմում են 48 մլրդ 766 մլն դրամ։ Մասնավորապես, վարկադրամաշնորհային միջոցներով նախատեսվել է 13,6 մլրդ դրամ։ Արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ներքո նախատեսվում է շարունակել Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման ծրագիրը, որը մեծ թափով արդեն սկսվել է։ Շարունակվելու է 38 հասարակական շենքերի, 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, որը նույնպես այս տարի է սկսվել։

Սուբվենցիոն ծրագրերի մասով նախատեսվել է 1 մլրդ 190 մլն դրամ, որից 765 մլն դրամը հատկացվելու է ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման, իսկ 419 մլն դրամը՝ կրթական ոլորտի որոշ ծրագրերի իրականացման նպատակով։ Պետության կողմից կրթության ոլորտին ուղղված պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսվել է 24,6 մլրդ դրամ։

«Երևան քաղաքում վթարային շենքերի հիմնախնդիրների լուծում և բնակարանային ապահովում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ դրամ, որը վերաբերում է Վարդաշենում գտնվող քանդման ենթակա երկու շենքերի բնակիչների վերաբնակեցումն ապահովելու նպատակին։ Քաղաքապետը նշել է, որ կան նաև այլ ծրագրեր, որոնք վերաբերում են վթարային շենքերին։ Այդ շենքերը ենթակա են վերակառուցման։

Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսվել է 2,5 մլրդ դրամ, մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման, մասնավորապես՝ հողերի գնման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ, որը, ըստ քաղաքապետի, բավարար չէ։

«Մետրոպոլիտենի սուբսիդիայի մասով 1 մլրդ դրամ է հատկացվում, որը չի փակում մետրոպոլիտենի ամբողջական ծախսը՝ նույնիսկ հաշվի առնելով նոր սակագները, և Երևանի քաղաքապետարանը կրկին բյուջե է հատկացնում, որպեսզի մետրոպոլիտենի ընթացիկ սպասարկումն իրականացնի»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիան նախատեսվել է 2 մլրդ 776 մլն դրամ, ինչը շուրջ 65,7 տոկոսով պակաս է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումից, իսկ 2023 թվականի համեմատ կրճատումը կազմում է 79,3 տոկոս։

Քաղաքապետի խոսքով՝ 4 տարվա ընթացքում Երևանին հատկացվող դոտացիան կրճատվել է գրեթե 5 անգամ։

Մի շարք ցուցանիշներ և հանգամանքներ ներկայացնելով՝ Տիգրան Ավինյանն առաջարկել է վերանայել Երևան համայնքին պետական ֆինանսական աջակցության մոտեցումները։

Երևանի քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում