Թուրքիան հայտարարել է Ռուսաստանից գազի ներկրումը նվազեցնելու մտադրության մասին՝ հօգուտ առաջարկվող այլընտրանքների, եթե Մոսկվան չիջեցնի գազի գինը։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն ընդգծել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ միայն գազի ներկայիս գինն է։
«Ռուսական գազը չափազանց թանկ էր»,- ասել է Բայրաքթարը, հավելել` Թուրքիան չի ծրագրում ամբողջությամբ հրաժարվել ՌԴ-ի մատակարարումներից, սակայն առաջնահերթությունը կտա էժան առաջարկներին։
Թուրքիայի կախվածությունը ռուսական գազից, ըստ պաշտոնական տվյալների, նվազում է։ Եթե 2006 թվականին ՌԴ-ին բաժին էր ընկնում գազի ներմուծման 64 տոկոսը, ապա 2025 թվականի սկզբին այդ մասնաբաժինը նվազել է մինչեւ 37 տոկոս։ Զուգահեռաբար Թուրքիան ավելացնում է այլ աղբյուրներից ներկրումը. մատակարարումների 22%-ն ապահովում է Ադրբեջանը, իսկ 16%-ը` ԱՄՆ-ն։










