ԱԱրսեն Մկրտչյան

Ամեն ինչ անում ենք բանակում ինքնասպանություններն իսպառ վերացնելու ուղղությամբ. Ա. Դավթյան

Ամեն ինչ անում ենք բանակում ինքնասպանություններն իսպառ վերացնելու ուղղությամբ. Ա. Դավթյան

Զորամասն «էլիտար» է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում, իրականացնում է մարտական հերթապահություն: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ զինված  ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ ինչպես է ստացվել, որ պաշտոնյաների որդիները նույն, այսպես կոչված՝ «էլիտար» զորամասում են հավաքվել: 

«Ես այստեղ կոռուպցիոն ռիսկեր չեմ տեսնում: Արցախում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ են Արցախում ծառայում, Հայաստանում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ այստեղ: Այդ զորամասում 1000 զինծառայող է ծառայում, և կարող է հազարից երկուսը կամ երեքն ազգակցական կապ ունեն ինչ-որ մեկի հետ»,- ասաց Ա.Դավթյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված միջադեպերին՝ ԳՇ պետը նշեց, որ աշխարհի ցանկացած բանակում ինքնասպանության դեպքեր լինում են, սակայն, իհարկե, նրա խոսքով, դա արդարացում չէ: «Մենք ունենք բացթողումներ և շատ լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները, որոնք կան զինված ուժերում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նախորդ տարի զինված ուժերում զոհերի թիվը նվազել է, և երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ բանակում իսպառ վերացվեն ինքնասպանությունների դեպքերը, սակայն, ըստ նրա, դա հեշտ գործ չէ:

Անդրադառնալով նոր սպառազինության ձեռքբերմանը՝ Ա.Դավթյանը հայտնեց, որ նոր որակական ցուցանիշներ ունենալու նպատակով բանակցություններ են վարվում ինչպես Սու-երի նոր խմբաքանակ, այնպես էլ հակատանկային և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, թռչող սարքեր գնելու վերաբերյալ:    

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում