Իտալիայում նոյեմբերի 20-ին համազգային 24-ժամյա գործադուլ է տեղի ունեցել պետական և մասնավոր հատվածում։ Այն կազմակերպել է երկրի խոշորագույն արհմիությունը։ Ցույցեր են տեղի ունեցել ավելի քան 100 բնակավայրում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում, Նեապոլում և Պալերմոյում։
Ակցիայի մասնակիցները պահանջել են աշխատավարձի բարձրացում, գնաճի զսպում, առողջապահության և կրթության ծախսերի ավելացում, ինչպես նաև ռազմական բյուջեի կրճատում։ Հռոմում ցուցարարները մի քանի խոշոր երթեր են կազմակերպել։ Գործադուլի պատճառով մասամբ դադարել է մետրոյի աշխատանքը։ Գործադուլն ազդել է նաև հասարակական տրանսպորտի, դպրոցների և պետական հաստատությունների վրա։
Միաժամանակ Եվրոպայի 25 երկրում տեղի են ունեցել երիտասարդական ցույցեր՝ ընդդեմ կյանքի թանկացման, ռազմական ծախսերի ավելացման և սոցիալական ոլորտի ֆինանսավորման կրճատման։ Ցույցերի ալիքը կազմակերպվել է International Youth Strike կոալիցիայի կողմից։
Գերմանիայում երիտասարդական շարժումները դեմ են արտահայտվել պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերադարձին և պահանջել ավելացնել դպրոցների և համալսարանների ֆինանսավորումը։ Բեռլինում ցույցի է դուրս եկել մոտ 4 հազար մարդ։ Իսպանիայում ուսանողներն ու դասախոսները պահանջել են ավելացնել պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը։ Ֆրանսիայում բողոքի ակցիաների մասնակիցները դեմ են արտահայտվել կյանքի թանկացմանը և ռազմական ծախսերի ավելացմանը։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Խորվաթիայում և եվրոպական այլ երկրներում։ Երիտասարդական ցույցերի կազմակերպիչները հայտնել են, որ ակցիաները կշարունակվեն հանգստյան օրերին՝ նոյեմբերի 21-ին և 22-ին։










