NVIDIA-ի հետ քննարկվել են արհեստական բանականության և առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

NVIDIA-ի հետ քննարկվել են արհեստական բանականության և առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է NVIDIA ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և NVIDIA-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI), առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների և զարգացող տեխնոլոգիաների ուղղություններով։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանը` որպես արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն դիրքավորելու իր տեսլականը՝ ներկայացնելով ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթությունները և անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների հասանելիությանը, տվյալների մշակման և վերլուծության հնարավորություններին, ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականության, սիմուլյացիայի և մոդելավորման ոլորտներում առաջատար տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Firebird AI և Eleveight AI նախագծերի հաջող իրականացմանը՝ ընդգծելով դրանց ներդրումը Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման գործում և հայկական մշակումների հիման վրա ստեղծված արհեստական բանականության լուծումների ներուժը։ Մասնակիցներն ուսումնասիրել են արձանագրված արդյունքների հիման վրա հետագա զարգացումն ապահովելու, ինչպես նաև առաջադեմ արհեստական բանականության տեխնոլոգիաների, այդ թվում՝ ֆիզիկական արհեստական բանականության մշակման, ներդրման և առևտրայնացման ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Հայկական կողմը ներկայացրել է նաև Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթնամյա ծրագիրը, որը ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականի նոյեմբերի 5-ին։ Ծրագրի առանցքային նախաձեռնությունը ARPI կենտրոնն է, որը գործում է Arcs AI Lab-ի ներքո և հիմնադրվել է Հայկական գիտնականների միության (Armenian Society of Fellows, ASOF) կողմից։

Ծրագիրը կենտրոնացած է ֆիզիկական արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա՝ մասնավորապես ռոբոտաշինության, շրջակա միջավայրի ընկալման, կառավարման և ֆիզիկական աշխարհի հետ փոխազդելու ու դրանում գործելու ունակ խելացի համակարգերի ուղղություններով։ ARPI կենտրոնի միջոցով նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի հետազոտական, նորարարական և տեխնոլոգիական կարողությունները արագ զարգացող այս ոլորտում՝ միաժամանակ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և հետազոտական հաստատությունների հետ։

Քննարկումների ընթացքում դիտարկվել են նաև Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների և մասնագիտական համայնքի ներգրավման հնարավորությունները՝ նորարարական արհեստական բանականության լուծումների մշակման, փորձարկման և առևտրայնացման գործընթացներում։

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդգծել է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերային կապերի ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ նման համագործակցությունները կարող են նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, նորարարական հնարավորությունների ստեղծմանը և համաշխարհային տեխնոլոգիական արժեշղթաներում երկրի դիրքերի ամրապնդմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը և հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում կայանալիք DigiTec 2026-ի շրջանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում