Երբ վարչապետն ասում էր, որ մեզ սահմանադրական մեծամասնություն է անհրաժեշտ, այդ թվում նկատի ուներ այն հեռանկարը, որ առջևում պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ, իսկ դրանք կարող են տեղի ունենալ, եթե խորհրդարանում կա երկու երրորդի մեծամասնություն։ Եթե երկու երրորդը չկա, չկա հանրաքվե ու նոր Սահմանադրություն, չի լինում նաև խաղաղության ստորագրված պայմանագիր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե ստորագրված պայմանագիրը չկա, ապա խաղաղությունն ավելի պակաս է երաշխավորված, քան այն դեպքում, երբ ստորագրված է, դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։
«Վարչապետին չեմ ուզում անընդհատ մեջբերել, բայց բուլդոզերով էլ լինի, խաղաղությանն անպայման հասնելու ենք»,- հայտարարեց Հակոբյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմության հետ խոսում են սպառնալիքների լեզվով, չհամաձայնեց։
«Մենք 2021-ից սկսած բուլդոզերով հասել ենք էսօրվա իրավիճակին, երբ ունենք դե ֆակտո խաղաղություն։ Բուլդոզերով քանդելով՝ հասել ենք խաղաղության ճանապարհին»,- ասաց նա՝ հիշեցնելով 2020-ից հետո իշխող ուժի հասցեին հնչած մեղադրանքները։










