Մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով. Փաշինյան

Մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով. Փաշինյան

Այդ որ ասում եք, որ մարդիկ չէին ուզում, որ իրենց զավակները զոհվեին «Բայրաքթարների» տակ, այո՛, ճիշտ եք ասում, բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ ուզեին, թե չուզեին, ուզեին, թե չուզեին, իրենց զավակները պիտի զոհվեին «Բայրաքթարների» տակ։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին։

«Եվ այսօր դուք ի՞նչ եք անում։ Դուք մեզ ոչ թե մեղադրում եք իրականում, որ մարդիկ զոհվել են «Բայրաքթարների» տակ, դուք մեզ մեղադրում եք, որ մարդիկ չեն զոհվում «Բայրաքթարների» տակ։ Որովհետև երբ որ մարդիկ զոհվում էին «Բայրաքթարների» տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում՝ հերթով, այսպես, բովանդակ։ Զինվորների հացը գողացողները կամ նրանց ներկայացուցիչները այստեղ նստած են։ Դուք բոլորդ, դուք, այդ թվում՝ դու՝ զորամասերի հոսանք գողացող, զորամասերի հոսանք գողացող։ Բա այդ 64 միլիարդի քրեական գործը, որ հարուցվել է, ինչի՞ մասին է։ Դպրոցներից գողացել եք, զորամասերից գողացել եք, պետությունից գողացել եք, և «ազգային մեծ բարերար»՝ 64 միլիարդի գող ազգային մեծ բարերար։ Եվ հիմա ո՞ւր է նա՝ աշխատանքային ուղղիչ գաղութում։ Հիմա դուք պետք է ընտրություն կատարեք։ Բա որ այն կողմից մինչև 2022 թվականն ասում էիք՝ Սանասար, Կովսականը... Բա հիմա ինչո՞ւ չեք ասում։ Ինչո՞ւ չեք... Ո՞ւր են ձեր դրոշներն ընդհանրապես։ Մե՞նք ենք դավաճանը, թե՞ դուք։ Մենք եկել ենք, պարզ, թափանցիկ ասել ենք՝ մենք հրաժարվում ենք, մենք առերեսվել ենք և մենք այդ քաղաքականությունից հրաժարվում ենք։ Գողի նման դուք ձեր դրոշները գողացել եք, գողի նման։ Ո՞ւր են ձեր դրոշները։ Դավաճաննե՛ր։ Դուք դավաճաններ եք, որովհետև ձեզնից ոչ մեկը չի եկել հայտարարել, ասել՝ ժողովո՛ւրդ, մենք մեր քաղաքականությունը փոխում ենք, դրոշը հանում ենք։ Դուք դրոշները գողացել եք։ Ո՞ւր է, տիկի՛ն Արեգա Հովսեփյան, ո՞ւր է Ղարաբաղի դրոշը, ինչի՞ եք հանել։ Ո՞ւր է ձեր սեղաններին։ Դուք դավաճանել եք ձեր հայտարարածներին և գողին «բարերար» չփորձեք կոչել։ Երեխեքի, դպրոցների, քաղաքացիների, զորամասերի, պետական հիմնարկների հոսանք գողացողներին չփորձեք բարերարի անվան տակ դնել։

Մեր օրոք է՞լ են գողանում, մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով։ Որևէ մեկի կոկորդում է մնալու ժողովրդից գողացած ամեն կոպեկ։

Մեր իշխանությունից կլինի, ձեր իշխանությունից կլինի, ով ուզում է լինի՝ ժողովրդից գողացածը կոկորդում է մնալու։ Ես այս ամբիոնից ասել եմ, ուղիղ ասել եմ՝ ապօրինի գույքի վերադարձի պրոցեսը մենակ անցյալների մասին չի, մեր մասին էլ է։ Ես ուղիղ կանգնել, ասել եմ՝ մենք որ այդ գործողությունն անում ենք, մենակ ձեր դեմ չենք անում, մենք անում ենք ի նշան նրա, որ այսօրվա իշխանության մեջ էլ, ասում եմ պաշտոնապես՝ ով որ մտածում է, թե իր տարածը մարսելու է, սխալվում է, կոկորդում է մնալու, գնալու է Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից։ Ուզում է ՔՊ-ից լինի, ուզում է նախարարությունից, որտեղից ուզում է՝ հետևներից գնալու ենք, կոպեկ գողացածին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ։ Ասել եմ պարզ և թափանցիկ ու ասում եմ, ու որևէ մեկը, կարծում եմ, իմ ասածին կասկածելու որևէ հիմք չունի։

Հազարավոր զինվորների կյանքերը դո՛ւք եք գողացել, որ Ղարաբաղի և համազգային շարժումների և համազգային բարերարության անվան տակ ձեր երեխեքին փողով բանակներից փախցրել եք, իսկ ուրիշների երեխեքին ուղարկել եք զոհվելու։ Ես իմ ու ուրիշների երեխեքի միջև ոչ մի տարբերություն չեմ դրել, որովհետև ես հավատացել եմ գաղափարին, բայց նաև որպես պետության ղեկավար՝ ես առերեսվել եմ. մենք պետք է տեսնենք՝ որտեղ է մեր պրոբլեմը։ Եվ ես էլի ասում եմ՝ թափանցիկ եկել եմ, կանգնել այս ամբիոնում, ասել եմ՝ ես ասում եմ, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից։ Դուք իմ ասածներով եք առաջնորդվում։ Ասացի՝ Ղարաբաղյան շարժումը դադարեց, դրոշները գողի նման հանեցիք, որովհետև դուք ենթարկվում եք այն քաղաքական գծին, որ ես եմ որոշում, որովհետև ես ունեմ ժողովրդի լեգիտիմությունը։ Իսկ դուք փողի բերումով այստեղ հայտնված մարդիկ եք։ Հեսա ձեռներիցդ փողերներդ կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, այդպես էլ կդառնաք քաղաքական բոմժ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում