Այս Սահմանադրությունը օլիգարխիայի Սահմանադրություն է. Փաշինյան

Այս Սահմանադրությունը օլիգարխիայի Սահմանադրություն է. Փաշինյան

Այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը, և բնական է, որ նրանք չպիտի ուզենան, որ ՀՀ ժողովուրդն ունենա օրգանական կապ իր պետության հետ և ունենա Սահմանադրություն։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ նոր Սահմանադրության վերաբերյալ հարցին։

«Դուք մեզ ուզում եք ասել՝ Ալիևի Սահմանադրություն և այլն, բայց դուք չեք ասում, որ այն Սահմանադրությունները, որոնք ընդունել եք, դուք գնացել եք այստեղ-այնտեղ, տառի և ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք, ձեզ թույլ են տվել ինչ-որ նախադասություն ունենալ կամ ինչ-որ նախադասություն չունենալ։

Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք։ Այն, որ դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց ՀՀ-ն հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։

Եվ դուք ինչո՞ւ եք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունն օլիգարխիայի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունն արհամարհող Սահմանադրություն է, այս Սահմանադրությունն ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն է։

Մենք նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել ենք 8 տարի առաջ, և մենք մեր օրակարգն իրականացնում ենք ու հպարտ ենք, որ կարող ենք մեր օրակարգն իրացնելուն զուգահեռ ՀՀ-ին բերել անշրջելի խաղաղություն։

Ձեր ուզածն ի՞նչ է՝ որ խաղաղություն չլինի, որովհետև պետք է պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք, որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք և հիմա վայնասուն բարձրացնեք։

Ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղն եք գտնում ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում