2027-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կողմ է խաղաղության պայմանագրին, կողմ է օր առաջ այն ստորագրելուն։
Հայտարարությանն արձագանքեց ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Հենց մի բանի մասին ասում ես՝ կողմ ենք, բայց նշում ես «բայց»-ը, ստացվում է, որ այդքան էլ կողմ չենք։ Շատ ուրախ ենք, որ կողմ եք խաղաղության օրակարգին, բայց «բայց»-ը լրիվ փոխում է իրավիճակը... Եթե խաղաղությանը կողմ եք, «բայց» չկա։ Բավական է մեր երկիրը «բայց»-երով տանել այլ ուղղությամբ՝ խոստանալով լրիվ այլ բաներ։
Մենք «բայց»-եր չենք ասում։ Ասում ենք՝ հարգելի՛ ժողովուրդ, խաղաղությունն այսօր փաստ է, պտուղներ է տալիս, բայց խաղաղությունը պետք է աչքի լույսի պես պաշտպանել և հասնել, որ այն դառնա ինստիտուցիոնալ։ Եթե քաղաքական դաշտում ասում են՝ իբր կողմ են, բայց «բայց»-եր են նշում, վստա՛հ եղեք, որ նրանք կողմ չեն խաղաղությանը, իրենց օրակարգը խաղաղությունը չէ։ Խաղաղության օրակարգն առաջ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի հետ միասին»։
Տիգրան Աբրահամյանն արձագանքեց նախարարին՝ հայտարարելով, որ «Ուժեղ Հայաստանը» հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագրին, բայց հենց իշխող ուժը չի բերում այն ստորագրման՝ «բայց»-երի պատճառով։
«Դո՛ւք «բայց»-երով խոսեցիք և ցույց տվեցիք, որ փաստացի դուք եք դեմ խաղաղությանը։ Էլի եմ ասում՝ եթե նախաստորագրված խաղաղության պայմանագիրը բերեք, պատրաստ ենք կողմ քվեարկել։ Մենք առանց «բայց»-երի ենք խոսում, «բայց»-երով դուք եք խոսում, ասում եք՝ խաղաղություն, բայց՝ զիջումներ, ինչը փաստացի նշանակում է զիջումներ՝ առանց խաղաղության։ Հիմա ասում եք՝ եկեք Ադրբեջանի նախապայմանը կատարենք, եկեք փոխենք Սահմանադրությունը»,– ասաց նա։
Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թվի ընդլայնման նախագծին, որին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել, նախարարը նշեց, որ չի հասկանում՝ ինչու ընդդիմադիր խմբակցությունն այդ կերպ քվեարկեց, եթե հանձնաժողովի նիստին քննարկվել էր հարցը, ընդդիմությունն էլ մասնակցել ու կողմ էր քվեարկել։
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց՝ դեմ չեն քվեարկել, այլ, ձեռնպահ քվեարկելով, ակնկալում են, որ Անահիտ Ավանեսյանի հետ հնարավորություն կունենան քննարկել էժան դեղամիջոց ձեռք բերելու հարցը և գտնել համապատասխան լուծում։
«Այսօր Ձեզ կդիմենք նամակով և կհրավիրենք Ձեզ ու հանձնաժողովի մյուս անդամներին քննարկման՝ այս հարցի առնչությամբ»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։








